Օգտվելով հրադադարից՝ ուկրաինացիները կարգի են բերում զրահատեխնիկան

Ուկրաինայի արևելքում հաստատված հրադադարի պայմաններում «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցերնն արագացված տեմպերով վերանորոգում է կառավարական ուժերի վնասված զրահատեխնիկան:

Ուկրաինայի սահմանապահ զորքերին տրված ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ

Ուկրաինայի սահմանապահ զորքերին տրված ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ

Սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում «Ուկրօբորոնպրոմը» նորոգել ու ուժայիններին է հանձնել  Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում ապստամբների դեմ մղվող մարտերի ընթացքում վնասված ավելի քան 400 միավոր զրահատեխնիկա, ինչի մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության ու ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն, տեղեկացնում է ուկրաինական Ukrinform.ua լրատվական գործակալությունը:

Նորոգման աշխատանքները կոնցերնի աշխատակիցները կատարել են ինչպես «Ուկրօբորոնպրոմի» գործարաններում, այնպես էլ դաշտային պայմաններում՝ նորոգող խմբերի միջոցով:

Մասնավորապես «Ուկրօոբորոնպրոմի» կայքը հստակեցնում է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում իրենց աշխատակիցները վերականգնել ու նորոգել են 115 միավոր զրահատեխնիկա, որի մեջ եղել են Տ-64ԲՎ ու Տ-64ԲՄ «Բուլատ» տանկեր, ԲՄՊ-1/2 հետևակի մարտական մեքենաներ, ԲՏՌ-70/80/3/4 զրահափոխադրիչներ, հրետանի ու այլ զրահատեխնիկա: Կոնցերնի տվյալներով՝ վերանորոգված ամբողջ զրահատեխնիկան վերադարձրել են երկրի արևելքում տեղակայված կառավարական ուժերին:

Հավանական է, որ այս պատճառով են Դոնեցկի ու Լուգանսկի ապստամբները պատրաստվում կառավարական զորքերի հուժկու հարձակման, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Թեև կենտրոնական իշխանությունն ու ապստամբների ղեկավարները պայմանավորվել են հրադադարի մասին, սակայն այն անկայուն է ու պարբերաբար խախտվում է:

Հավելենք, ուկրաինական ճգնաժամը սկսվեց դեռևս 2013-ին: 2014-ի փետրվարի 22-ին Ուկրաինայում Մայդանի հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն եղավ, իսկ գահընկեց Վիկտոր Յանուկովիչը փախավ ու ապաստանեց Ռուսաստանում:

2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։ Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հանրաքվեն վավեր չեն ճանաչում մինչ օրս։ Հանրաքվեից հետո ՌԴ-ի դեմ միջազգային մակարդակով պատժամիջոցներ են սահմանել Եվրոպան ու ԱՄՆ։ Սա բացասաբար է ազդել նաև ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, ինչը փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել:

Բացի այդ, Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև։ Պատճառն այն է, որ Ուկրաինայի արևելյան շրջանների փաստացի ղեկավարները պնդում են, որ երկրում պետք է արվի դաշնայնացում (ֆեդերալիզացիա), ինչն ավելի լայն ինքնավարություն կտա մարզերին: Կիևի կենտրոնական իշխանությունը, սակայն, դեմ է սրան, քանի որ մտավախություն կա, որ դաշնայնացումից հետո Ուկրաինայի արևելյան շրջանները կարող են անկախության պահանջներ դնել ու լրիվ դուրս գալ վերահսկողությունից նաև իրավական տեսանկյունից։

Ուկրաինական ճգնաժամի, Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող ապստամբության պատճառով երկրի զրահատեխնիկա արտադրող ու նորոգող գործարաններն ուկրաինական ուժայիններին զրահատեխնիկա մատակարարելու բազմաթիվ պատվերներ են ստացել: Անհրաժեշտ զրահատեխնիկայի մի մասը դուրս է բերվել պահեստներից, նորոգվել ու հանձնվել Ուկրաինայի ազգային գվարդիային, զինված ուժերին ու նաև սահմանապահ զորքերին: Իսկ այն դեպքերում, երբ զրահապատ մեքենաների խիստ կարիք է եղել, ուկրաինական պետական ընկերությունները կիսատ են թողել արտասահմանյան պատվերներն ու այլ երկրների համար նախատեսված պատրաստի զրահատեխնիկան՝ մասնավորապես ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, փոխանցել ուժայիններին, որպեսզի նրանք կարողանան զսպել ապստամբությունը:

One response to “Օգտվելով հրադադարից՝ ուկրաինացիները կարգի են բերում զրահատեխնիկան

  1. Pingback: «Ուկրօբորոնպրոմը» 1000 միավոր տեխնիկա է նորոգել Ուկրաինայում զինադադարի ընթացքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *