Ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ռազմարդյունաբերական կոնցերնը ներկայացրել է ամբողջովին ուկրաինական արտադրության «Ալտա» հակատանկային կառավարվող հրթիռը , հայտնում են կազմակերպության կայքում:
Կիևում կայացած «Զենք և անվտանգություն 2014» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ցուցադրած հակատանկային կառավարվող հրթիռը նախատեսված է հիմնականում ուղղաթիռների վրա տեղադրվելու համար, բայց դրանցով կարող են զինվել նաև զրահապատ մեքենաները և այլն:
Կառավարվող հրթիռը, ըստ նախագծողների, սկզբից դեպի թիրախն ուղղորդվում է լազերային ճառագայթի միջոցով, ինչից հետո երկրորդ ռեժիմով ինքնուրույն է հետևում դրան:
Բացի այդ՝ հրթիռը տանդեմային է, այսինքն ունի միանգամից երկու լիցք, ինչը նրան թույլ է տալիս խոցել նաև դինամիկ զրահով պաշտպանված թիրախները: Բանն այն է, որ դինամիկ զրահը կարողանում է վնասազերծել տանդեմային հրթիռի միայն առաջին լիցքը, իսկ դրա հետևից եկող մյուս լիցքի համար «ճանապարհն» արդեն բաց է լինում:
Նախագծողները նշում են, որ 55 կիլոգրամանոց հրթիռի առավելագույն հեռահարությունը շուրջ 7,5 կմ է:
Ավելացնենք, որ հրթիռն առաջին անգամ ներկայացվել է դեռևս 2007-ին Արաբական Միացյալ Էմիրություններում, թեև այն ժամանակ հրթիռը «նախատեսված չէր» ուղղաթիռների համար: Ուկրաինացիները դրանք արտադրում էին զրահատեխնիկան զինելու համար:
Սակայն հետագայում հետաքրքրություն չէր եղել հրթիռների նկատմամբ, անգամ ուկրաինական զինված ուժերից պատվերներ չէին եղել: Հետևաբար Կիևում «Ալտան» ներկայացնելը կարելի է դիտարկել որպես հակատանկային կառավարվող հրթիռի «վերափաթեթավորում»: