«Հորեղբայրս զոհվել է։ Ես որոշեցի նրա տեղը, նրանց շարքերը լրացնել։ Մարտակերտի շրջանի կռիվներում է զոհվել։ Իմ երազանքն է հետախույզ դառնալ ու ամեն կերպ օգնել հայրենիքիս։ Պիտի չթողնեմ՝ թուրքերը սահմանն անցնեն ու այդ սահմանն ամուր պահեմ»։
Միքայելին հանդիպում ենք Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Առաջին օրն էր, որ համազգեստ էր ստացել։ Պատմում է վարժարան ընդունվելու, երազանքների ու սահմանն ամեն կերպ ամուր պահելու մասին։
«Պիտի ֆիզիկապես ուժեղ լինես, պիտի քիչ խոսես ու շատ լսես ամեն ձևի շարժում»։
Սա արցախցի Միքայելի հետախույզ դառնալու բանաձևն է։
Հայրենիքի մասին այս տարիքից արդեն հստակ պատկերացում ունի։ «Հայրենիքը սկսում է այն սահմանից, որտեղ կանգնած են մեր տղաները։ Նրանք պահում են այն, որ մենք կարողանանք այստեղ նստել ու սովորել մեր դասերը։ Մենք էլ պիտի գնանք իրենց տեղը կանգնենք, որ իրենք էլ իրենց դասերը սովորեն», — հստակ պատասխանում է Միքայել Գասպարյանը։
Հետաքրքրվում ենք, թե ինչ զգացողություններ է ունեցել հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանին լարված իրավիճակի ժամանակ։ Ժպտում ու պատասխանում է. «Ես չէի վախենում, ես գիտեի, որ եթե պատերազմ լինի՝ մերն է։ Հայը վախեցող չի»։
Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը նույն գործառույթն է կատարում, ինչ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը Երևանում։ Ստեփանակերտում հիմնականում սովորում են Արցախի տարբեր շրջանների հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանն ավարտած տղաները։ Այստեղ գործում է ավագ դպրոցների ծրագիրը՝ ավելացրած ռազմական դասերն ու ֆիզիկական պատրաստվածությանը մեծապես ուշադրություն դարձնելը։
Սաների պատրաստության ու վարժարանի մասին Ռազմինֆոյի հետ զրույցում պատմում է վարժարանի պետի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Հրայր Բաղդասարյանը. «Վարժարանն ավարտածների 90 տոկոսը շարունակում է իր ուսումը ռազմական բուհերում, իսկ ուսումն ավարտելուց հետո գալիս ու իր ծառայությունն իրականացնում Պաշտպանության բանակում»։
Վարժարանում միայն մի խնդրի մասին են խոսում՝ հանրակրթական դպրոցներից գալիս են գիտելիքների նվազագույն մակարդակով։ «Մանկավարժության բացը լրացնելը բավական բարդ է։ Նախ՝ լրացնում ես բացթողածը, հետո նոր շարունակում նորի մատուցումը», — պարզաբանում է մայորը։
Ինչպես հավաստում է ԱՀՏԱ գծով տեղակալը, վարժարանի սաներն իրենց պատրաստվածությամբ և կարգապահությամբ աչքի են ընկնում ամենուր։
«Մեզ համար կարևոր է մեր սաների կարգապահությունն ու ուսումը, փորձում ենք դրանք ճիշտ զուգակցել։ Իրենք մի փուլ բարձր են իրենց հասակակիցներից և՛ լրջությամբ, և՛ պահվածքով, և՛ գիտելիքներով։ Ու երբ ինչ-որ միջոցառումների ենք տանում, իրենք միանգամից տարբերվում են, ու դրա մասին այլ դպրոցների տնօրեններն էլ են փաստում», — հպարտությամբ նշում է մայոր Բաղդասարյանը։
Իվանյանի վարժարանում սաները սովորում են 3 տարի, որից հետո կրթությունը շարունակում են կամ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կամ էլ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում։ Իսկ նրանք, ովքեր սովորում են արտերկրում, ուսումն ավարտելուց հետո միանգամից վերադառնում ու ծառայության են անցնում Պաշտպանության բանակում։
Վարժարանի սաները ամեն ուսումնական տարվա վերջում դաշտային ելքերի հնարավորություն են ունենում, որի ժամանակ էլ կիրառում են իրենց սովորածները։
Տեղեկացնենք, որ Ռազմինֆոն վարժարանի սաների հետ զրուցել էր օգոստոսին Արցախ կատարած այցի ժամանակ։