Ղուրբան Բայրամ մուսուլմանական տոնի կապակցությամբ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի՝ Արցախին սահմանամերձ Ֆիզուլու շրջանի զորամաս են այցելել տեղի գործադիր իշխանության ղեկավար Ալի Ալիևը, այլ պաշտոնատար անձինք և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Modern.az լրատվակայքը, հյուրերը հանդիպել են զորամասի հրամանատարական կազմի, սպաների և շարքային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալական պայմաններին, զրուցել զինծառայողների հետ, շնորհավորել տոնի առիթով։ Զորամասից հետո Ալի Ալիևի գլխավորությամբ հյուրերն այցելել են դիրքեր։ Համաձայն աղբյուրի՝ այցելության ժամանակ Ալիևը ելույթ է ունեցել ներկաների համար՝ հերթական անգամ հիշեցնելով Արցախյան հակամարտության, «հայկական բռնազավթումից հողերն ազատագրելու» և «գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի շնորհիվ իրականացված բարեփոխումների ու նրա հրամաններն ըստ արժանվույն կատարելու անհրաժեշտության» մասին։
Նկատենք, որ Ադրբեջանում ԶՈւ զորամասեր նման այցելություններն առավել հաճախակի են դարձել և մամուլում ավելի հաճախ են լուսաբանվում 2013թ. հոկտեմբերի վերջին Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ հոկտեմբերի 6-11 | Ռազմ.info