ԱՄՆ փոխնախագահը ներողություն է խնդրել Թուրքիայից ու ԱՄԷ-ից

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը օրեր առաջ Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ Թուրքիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին մեղադրել էր նախկինում Սիրիայում «Ալ-Նուսրայի ճակատ» և «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումներին «միլիարդավոր դոլարներով և զենք-զինամթերքով օգնելու» համար։ Բայդենի խոսքերով՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն այդպիսով փորձում էին գահընկեց անել Ասադին։

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Բայդենը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ներողություն խնդրել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 4-ին Էրդողանն իր դժգոհությունն է հայտնել սույն հայտարարության առնչությամբ։ «Նման բան չկա, արտասահմանյան զինյալները մեր երկրից երբևէ Սիրիա չեն անցել։ Միգուցե նրանք ժամանած լինեն զբոսաշրջիկների կարգավիճակով, ապա որոշ ժամանակ անց մեկնեն Սիրիա, սակայն որև մեկը չի կարող հաստատել, թե այդ ժամանակ նրանց ձեռքին զենք է եղել», — շեշտել է Թուրքիայի նախագահը։ Մինչդեռ Բայդենն ավելի վաղ պնդում էր, որ Էրդողանն անձամբ իրեն ասել է, թե իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե Թուրքիայի տարածքից Սիրիա են անցել մեծ թվով զինյալներ, և այժմ Թուրքիան հարկադրված է ամրապնդել իր սահմանները։

Նկատենք, որ իր հայտարարության մեջ Բայդենը շոշափել էր նաև ԱՄԷ-ի անունը՝ որպես ահաբեկիչների աջակցի։ ԱՄԷ-ի թագաժառանգ Աբու-Դաբի Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ փոխնախագահը ստիպված է եղել կրկին ներողություն հայցել՝ նշելով, թե ԱՄԷ-ն «նշանակալից քայլեր է անում ծայրահեղականների դեմ պայքարում և անդամակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիային»: Սպիտակ տունն էլ իր հերթին պարզաբանել է, որ Բայդենի խոսքերը բնավ չէին նշանակում, թե ԱՄԷ-ն աջակցում է «Ալ Կաիդային», «Իսլամական պետությանը» կամ այլ ծայրահեղականների։

Հիշեցնենք, որ օրերս «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի և Իրաքի տարածք ներխուժելու թույլտվություն են ստացել երկրի խորհրդարանից։

Մինչ այս էլ Թուրքիայի վրա ճնշումներ էին գործադրվում, որպեսզի թուրքական զինված ուժերը միանան իսլամիստական խմբավորման դեմ պայքարին, սակայն թուրքական կողմն անուղղակի կերպով հրաժարվում էր՝ պատճառաբանելով, թե խմբավորումը պատանդ է պահում Թուրքիայի 46 քաղաքացիների: Սույն թվականի սեպտեմբերի 19-ին նրանց ազատ արձակելուց հետո Թուրքիան անգամ երկրի նախագահի մակարդակով որոշակի ուղերձներ հղեց այն մասին, որ Թուրքիան կարող է ներխուժել Սիրիայի տարածք, եթե այնտեղի թուրքական սրբավայրի՝ Սիրիայում տեղակայված Սուլեյման Շահի թուրքական դամբարանի վրա հարձակում լինի: Դեռևս 2014-ի  մարտին «Իսլամական պետությունը» սպառնում էր հարձակվել դամբարանի վրա, իսկ Թուրքիան հայտարարում էր, թե հարձակման դեպքում ռազմական գործողություն կսկսի ծայրահեղականների դեմ։

Վերջին տարիներին Սիրիայում ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ էր ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն գլխավորելու է Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի համար կազմավորված կոալիցիան, սակայն հրաժարվում է այն մտքից, որ ԱՄՆ զինծառայողները մարտնչեն այլ պետության տարածքում։ «Մենք պայքարելու ենք մեր օդուժի օգնությամբ և աջակցելու ենք մեր գործընկերներին ցամաքային գործողություններում», — շեշտել էր ԱՄՆ նախագահը։ Օբաման նաև ընդգծել էր, որ իրենց գործողությունները տարբերվելու են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ իրականացրած քայլերից՝ ավելի շատ հիշեցնելով «ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները Եմենում և Սոմալիում»։

Իր՝ մոտ 15 րոպե տևած ելույթում Օբաման կրկին անդրադարձել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հերթական անգամ մեղադրանքներ հնչեցրել «սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար» (ասադականների կողմից քիմիական զենքի կիրառումը մինչ օրս փաստարկված չէ)՝ միաժամանակ «անարդյունավետ» որակելով Ասադի պայքարը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ։

Ելույթին հետևել էին սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ի առաջին օդային հարվածները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Ընդ որում՝ այս դեպքում ԱՄՆ-ի դաշնակիցները ոչ թե նատօյական երկրներն են, այլ Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *