ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն՝ ԵՊՀ ուսանողների հետ անցկացվել են հրաձգություն դասընթացներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հանրային կապերի վարչությունը։ Ըստ աղբյուրի՝ 2014-ի հոկտեմբերի 5-ին ԵՊՀ շուրջ 30 ուսանողի հետ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպվել են անվտանգության կանոնների, հրաձգային զինատեսակների վերաբերյալ հրահանգչական-մեթոդական պարապմունքներ: Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԵՊՀ ուսանողները Նուբարաշենի հրաձգարանում ունենալու են գործնական հրաձգության ստուգողական վարժություններ:
Համագործակցության նպատակն է ամրապնդել համալսարան-բանակ կապը և բարելավել ուսանողների կրակային պատրաստության մակարդակը: