Մայրը հրաժարվեց զորակոչիկ որդու՝ նյարդաբանական ստուգումից, մյուսը պնդում էր, թե որդին «վտանգավոր» կարող է լինել

Մեկնարկել են  ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, որի նպատակն է՝ քննել զորակոչի ընթացքում քաղաքացիներից ստացած դիմում-բողոքները: Այն գործում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ:

Մայիսի 25-ին՝ այս զորակոչի ընթացքում ստացած դիմում բողոքների քննման երկրորդ օրը լսվելու էր 5 բողոք: Դրանցից առաջինը վերաբերում էր զորակոչիկի՝ սրտի հետ ունեցած խնդիրներին: Լսումներին ներկայացել էր զորակոչիկը և իր մայրը: Ծնողին առաջարկվեց, որ որդին՝ բացի սրտի ստուգումից, անցնի նաև նյարդաբանական ստուգում: Սակայն մայրը վստահորեն նշեց, որ տղան շատ հավասարակշռված վարք ունի և հրաժարվեցին նյարդաբանական ստուգումից: Բուժզննումից հետո կորոշվի զորակոչիկի՝ ծառայության պիտանի լինել-չլինելու հարցը: Երկրորդ զորակոչիկի մոտ պատկերը մի փոքր այլ էր:

Մինչև քաղաքացիների հայցը լսելը՝ հանձնաժողովը՝ լրագրողների համար դռնբաց նիստում ծանոթացավ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ալիսա Ավետիսյանի նամակին: Ծնողը նշել էր, որ որդու մոտ առկա են մի շարք աղիքային հիվանդություններ, փայծաղի մեծացում և նյարդային բռնկուն վարք: Տղան 2007թ.-ից պարբերաբար բուժվել է, սակայն հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել: Մայրն իր նամակում նշում էր, որ դեմ չէ որդուն զինծառայության ուղարկելուն, սակայն ցանկանում է, որ դա արվի որդուն բուժելուց հետո: Նամակն ավարտվում էր այսպես. «Ձեզանից խնդրում եմ ժամկետ և հնարավորություն տալ որդուս բուժելու համար, քանի որ ինչպես ինձ է անհրաժեշտ առողջ երեխա, այնպես էլ ձեզ առողջ զինվոր է պետք»:

Նշենք, որ հանձնաժողովում ընդգրկված են՝ իրավաբան, բժիշկ, զինվորականներ: Հանձնաժողովի անդամ՝ բժշկական ծառայության գնդապետ, թերապևտ Գայանե Ղուկասյանը՝ դիմումի քննարկման ժամանակ նշեց, որ զորակոչիկի մոտ, ըստ բուժզննման արդյունքների՝ առկա աղիքային հիվանդությունները սրված են, սակայն դրանց բուժման դեպքում տղան պիտանի է զինվորական ծառայության:

Հանձնաժողովն առկա փաստաթղթերին ծանոթանալուց հետո լսեց Ալիսա Ավետիսյանին, ով հանձնաժողովի պատասխանը լսելու եկել էր որդու հետ: Ալիսա Ավետիսյանը մեկ անգամ ևս ասաց, որ որդու մոտ առկա է նյարդային անհավսարակշիռ վարք, ինչպես նաև սրտի անկանոն աշխատանք: Իսկ նյարդային անհավասարակշիռ վարքը մայրը բացատրեց այսպես, թե տղան ունի բռնկուն բնավորություն, «կարող է անհարկի վիճել և կարող է բռնկման պահին հարձակվել ծառայակիցների վրա, վնասել նրանց»:

Հանձնաժողովը դիմումատուներին առաջարկեց՝ միջնորդել Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ զորակոչիկին նշանակել աղիքային հիվանդությունների բուժման 15 օրյա կուրս, ապա գնահատել արդյունքները և ուղարկել զինծառայության: Միաժամանակ զորակոչիկն անցնելու էր նյարդաբանական և սրտի ստուգում:

Նշենք, որ հանձնաժողովը ստացած դիմում-բողոքները քննարկում է յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, իսկ դրանք հիմնականում առողջական բնույթի են: Սակայն այս ընթացքում ստացել են նաև դիմում- բողոքներ՝ նախորդ՝ աշնանային զորակոչի ժամանակ առկա սխալների առնչությամբ: Բողոքն առնչվում է զինվորի՝ հիվանդության պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելուն, ով սակայն մի քանի ամիս արդեն իսկ ծառայում է: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը Razm.info-ի հետ զրույցում նշեց, որ եղել են դեպքեր, երբ հանձնաժողովը ուսումնասիրել է գործը և մի քանի ամիս ծառայած զինվորին վաղաժամկետ զորացրել են (Գեղամ Հարությունյանի հետ Razm.info-ի ընդգրկուն հարցազրույցը՝ առաջիկայում):

Հիշեցնենք, որ զորակոչի ողջ ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 17:00-ն՝ Մոսկովյան 5 հասցեով (հեռ. 52-34-86, 52-34-82):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *