Ադրբեջանում քննարկում են «Իսլամական պետությունում» կռվող ադրբեջանցիների հարցը

Վերջին օրերին ադրբեջանական և միջազգային աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հրապարակել Սիրիայում և Իրաքում ակտիվացած «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման հետ Ադբեջանի քաղաքացիների փոխառնչությունների մասին։ Ճիշտ է՝ աղբյուրները հավաստի չեն, սակայն նպաստում են ադրբեջանցիների՝ իսլամիստական խմբավորումներին անդամակցելու թեմայի ընդհանուր պատկեր կազմելուն։

Այսպես, օրերս համացանցում տեսագրություն է տարածվել, որտեղ, ադրբեջանական մամուլի հավաստիացմամբ, ներկայացված են Թուրքիային սահմանակից Սիրիայի Հալեպի շրջանի Քոբանի քաղաքի վրա հարձակվող ԻՊ-ի զինյալների, որոնց թվում կան նաև ադրբեջանցիներ։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Salamnews լրատվական գործակալությունը, տեսագրությունը տարածել են «Իսլամական պետության» թվիթերյան էջերը։ Ծայրահեղականները փորձում են գրավել հիմնականում քրդերով բնակեցված քաղաքը՝ հանդիպելով քրդական ջոկատների դիմադրությանը։ Salamnews-ի տվյալներով՝ տեսագրության կադրերից մեկում իսլամիստ զինյալն ադրբեջաներենով դիմում է մյուսին՝ ասելով. «Եղբայր, երդվում եմ Ալլահով, նրանք մեղսավոր են, կրակի´ր»։ Սրանից ելնելով՝ աղբյուրը եզրակացնում է, որ տեսանյությում ադրբեջանցիներ են պատկերված։

Նկատենք, որ տեսագրությունը հրապարակվել է Յություբի անհատական ալիքներից մեկում հոկտեմբերի 2-ին, իսկ թե երբ է այն տեսագրվել, պարզ չէ։ Այնուհանդերձ, համաձայն Մեծ Բրիտանիայում տեղակայված  Syrian Observatory for Human Rights կազմակերպության տվյալների՝ հոկտեմբերի 2-ին բախումներ են գրանցվել «Իսլամական պետության» և Քոբանի քաղաքը պաշտպանող քրդական «Ժողովրդական պաշտպանության կոմիտեներ» (YPG) կազմակերպության ջոկատների միջև։ Աղբյուրը հավելում է, թե «սպառնալիք կա, որ ԻՊ-ի զինյալներն ամեն վայրկյան կարող են ներխուժել քաղաք»։

ԻՊ-ն գրոհում է Քոբանին արդեն մոտ երեք շաբաթ։ Հավանականություն կա, որ քրդերի դեմ կկիրառեն հրետանային համակարգեր ու ականանետեր, որ առգրավվել են Իրաքի Մոսուլ քաղաքի պահեստից։

Ավելի վաղ ՝ 2014թ. ապրիլին, ադրբեջանական մեկ այլ՝ Anspress լրատվական գործակալությունը տեղեկություններ էր տարածել «Իսլամական պետության» կազմում ադրբեջանցիներից բաղկացած ջոկատի՝ Azəri taboru-ի ստեղծման մասին։

Նշենք նաև, որ «Իսլամական պետության»  կազմում կռվող ադրբեջանցիների թեմային անդրադառնում են նաև Ադրբեջանում գործող փորձագիտական կենտրոնները։ Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արասթուն Օրուջլուն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է՝ «Իսլամական պետությունը» լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ «Այդ խմբավորման կազմում մարտնչող ադրբեջանցիները ստանում են զենք-զինամթերք, փորձ ձեռք բերում, կապեր հաստատում։ Եթե Ադրբեջան վերադառնան նման պատրաստվածության անձինք, դա իրական սպառնալիք կարող է լինել։ ԻՊ-ի կազմում հարյուրավոր ադրբեջանցիներ կան, նրանց մի մասը հաստատապես հետ է վերադառնալու, ուստի Ադրբեջանը չպետք է դուրս մնա միջազգային հակաահաբեկչական կոալիցիայից, քանի որ միայն կոալիցիայի կազմում լինելով է հնարավոր տեղեկություններ ստանալ ԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիների մասին»,-նկատել է փորձագետը։

Հիշեցնենք, որ 2014-ի ապրիլին Ադրբեջանի տարբեր շրջանների ոստիկանական բաժանմունքները հրապարակել էին Սիրիա մեկնած ադրբեջանցիների վերաբերյալ տվյալներ։ Հետևելով սույն ցուցակին՝ կարող ենք արձանագրել, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանի ոստիկանությունը հաստատում է՝ Սիրիա էին մեկնել 111 ադրբեջանցիներ, նրանցից սպանվել են 17-ը, հաշվառման ցուցակներում են 317 հոգի։ Ընդ որում, Ադրբեջանի քաղաքացիների առավել մեծ թվաքանակ Սիրիա է մեկնում երկրի հյուսիսարևմտյան՝ Դաղստանին սահմանակից շրջաններից։ Հատկանշական է նաև, որ ցուցակում հիմնականում լեզգիաբնակ շրջանների տվյալներն են։

2014-ի սեպտեմբերի կեսերին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել էր 26 հոգու, որոնք կասկածվում են երկրի սահմաններից դուրս իսլմիստական զինված խմբավորումներին անդամակցելու համար։ Հրապարակվել են բոլոր 26-ի անուն-ազգանունները և այլ մանրամասներ։ Համաձայն նրանց՝ ձերբակալվածների մեծամասնությունը՝ 22 հոգին, Սիրիայի տարածքում 2013-2014 թթ. անդամակցել են զինված խմբավորումներին, 2-ը ձերբակալվել են Իրանում՝ Սիրիա մեկնելու ճանապարհին:

 

2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Նկատենք նաև, որ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները 2014-ի հունիսին տեղեկություններ էին տարածել Ադրբեջանի քաղաքացիների՝ Իրաք մեկնելու և իսլամիստական խմբավորումներին անդամագրվելու մասին։

Մասնավորապես, Haqqin.az կայքի աղբյուրներով՝ Ադրբեջանից Իրաք կռվելու են մեկնել առնվազն 10 քաղաքացիներ: Ադրբեջանական լրատվամիջոցները 2014-ի հուլիսին տեղեկություններ են շրջանառել Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում մարտնչող ադրբեջանցու՝ Իրաքում մարտերի ընթացքում սպանվելու մասին։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվադաշտն ավելի հաճախ է անդրադառնում սոցցանցերում հրապարակված լուսանկարներին, որտեղ Ադրբեջանի տարածքը նշված է «Իսլամական պետության» պատկերացրած «Խալիֆայության» կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *