Պարսից ծոցում ԱՄՆ զինծառայողը կոնվերտոպլանից ընկել է ջուրն ու անհետացել

Ամերիկյան ռազմական նավատորմի ավիակիրներից մեկի անձնակազմը փնտրում է կոնվերտոպլանից դուրս թռած ու բաց ծովում հայտնված զինծառայողին, որը նույն կոնվերտոպլանի անձնակազմից է, հայտնում է ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը:

ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի Makin Island ավիակրի MV-22 Osprey կոնվերտոպլանը թռիչքի ժամանակ

ԱՄՆ ԶՈւ ռազմածովային ուժերի Makin Island ավիակրի MV-22 Osprey կոնվերտոպլանը թռիչքի ժամանակ

Պատճառն այն է, որ ավիակրի վրայից MV-22 Osprey կոնվերտոպլանի թռիչքի ժամանակ անձնակազմը կորցրել է թռչող սարքի կառավարումը, ինչից հետո 4 հոգանոց անձնակազմի 2 անդամները դուրս են ցատկել կոնվերտոպլանից ու հայտնվել ջրում: Քիչ անց կոնվերտոպլանում մնացած անձնակազմի 2 անդամները կարողացել են այն բարեհաջող իջեցնել Makin Island ավիակրի վրա: Սակայն անհաջող թռիչքի ընթացքում անձնակազմի՝ ջրում հայտնված երկու անդամներից միայն մեկին է հաջողվել գտնել ու նավ բարձրացնել:

Ներկայում ավիակրի ու դրա վրա տեղակայված ինքնաթիռների անձնակազմերը փնտրում են կոնվերտոպլանի անձնակազմի անհետացած անդամին:

Ավելացնենք, որ ամերիկյան Makin Island ավիակիրը Պարսից ծոց էր նավարկել Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումներին աջակցելու նպատակով:

Նշեն, որ կոնվերտոպլանն օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

Ամերիկյան V-22 Osoprey կոնվերտոպլանն այս դասում սերիական արտադրությամբ միակ սարքն է: Կախված մոդիֆիկացիայից՝ դրա անձնակազմը 3 կամ 4 հոգանոց է, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։ Զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։

Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է ԱՄՆ սպառազինության մեջ, իսկ Իսրայելն ու Ճապոնիան արդեն պատվիրել են այս թռչող սարքերի որոշակի քանակություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *