Թուրքիան նախատեսում է կիրառել զրահատեխնիկա, ավիացիա և հրետանի՝ Սիրիայում թուրքական դամբարանի վրա հարձակման դեպքում

Թուրքիայի զինված ուժերը կարող են 15-20 րոպեում հասնել Սուլեյման Շահի դամբարան, որը տեղակայված է Սիրիայի տարածքում, համարվում է Թուրքիայի տարածքը, իսկ վերջին շրջանում խոսվում է «Իսլամական պետության» կողմից տարածքի հնարավոր գրոհի մասին։

Թուրքական CNNTurk-ի տվյալներով՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 2-ին հայտարարել է, որ «հարձակման դեպքում թուրքական կողմի կատարելիք քայլերը հայտնի են»՝ ակնարկելով ռազմական գործողությունը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրքիայի զինված ուժերի նախապատրաստած պլանի համաձայն՝ Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության զորքերը՝ «բոսորագույն բերետները» ուղղաթիռներով 15-20 րոպեում լինելու են դամբարանի տարածքում։ Բացի այդ, նշվում է, որ հարձակման դեպքում գործի է դրվելու հեռահար հրետանին, ինչպես նաև ավիացիան։

Նախատեսվում է երկու րոպեում գրոհին պատասխանել ավիացիայով, իսկ թուրքերի հաշվարկներով՝ մոտ կես ժամում պետք է տեղում լինի նաև թուրքական զինուժի զրահատեխնիկան։

Սուլեյման Շահի դամբարանը թուրք-սիրիական սահմանից հեռու է շուրջ 35-40 կմ, ինչը կասկածի տակ է դնում թուրքական կողմի հայտարարած ժամկետները՝ հաշվի առնելով նաև այն, որ զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառման դեպքում Անկարան խախտելու է Սիրիայի օդային և ցամաքային սահմանը, իսկ հրետանու համար բարդ է լինելու թուրքական տարածքից նման հեռավորության վրա թիրախներ խոցել։

Նշենք, որ Սուլեյման Շահը համարվում է Օսման Առաջինի պապը, որից էլ սերել է օսմանյան դինաստիան։ Նա ապրել է 1178-1227 թվականներին։ Մահանալուց հետո թաղվել է Եփրատից ոչ հեռու Ջաբեր ամրոցի մոտակայքում (Հալեպի շրջան)։ Նրա դամբարանը հետագայում թուրքերի համար վերածվել է սրբավայրի։ 1923 թվականին Թուրքիան իրավունք է ստացել Սիրիայում գտնվող այդ տարածքում պատվո պահակախումբ կարգել և տեղադրել սեփական դրոշը։ 70-ականներին ջրամբարի կառուցման հետևանքով դամբարանը տեղափոխվել է սիրիական Կարակոզակ գյուղի մոտ, որը նույնպես թուրքական պետության անկլավ է ճանաչվել։ Այն Թուրքիայի սահմաններից շուրջ 37 կմ հեռավորության վրա է։

Սուլեյման Շահի դամբարանը

Սիրիայի ներքին հակամարտության ողջ ընթացքում թուրքական պահակախումբը մնացել էայս տարածքում։ Այս տարվա մարտին «Իսլամական պետությունը» սպառնում էր հարձակվել դամբարանի վրա, իսկ Թուրքիան հայտարարում էր, թե հարձակման դեպքում ռազմական գործողություն կսկսի գրոհողների դեմ։

Ավելի ուշ համացանցում հայտնվեց գաղտնի մի ձայնագրություն, որտեղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, բարձրաստիճան զինվորականներ ու դիվանագետներ քննարկում էին Սիրիայի ներխուժման հնարավորությունը՝ պատրվակ դիտելով նաև Սուլեյման Շահի դամբարանի վրա հնարավոր հարձակումը, ընդ որում, չէր բացառվում թուրքերի մասնակցությամբ բեմադրված հարձակումը, ինչը կարող էր արդարացում դիտել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման համար։

Հոկտեմբերի 2-ին ուղերձով էր հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն իր ուղերձում նշել է, թե Թուրքիայի տարածքից դուրս այդ երկրին պատկանող միակ հողատարածքը հսկող զինծառայողները միայնակ չեն և «նրանց թիկունքում Թուրքիայի 76 մլն քաղաքացիներն են»։

«Ձեզանից գեթ մեկ լուր ստանալուն պես Թուրքիայի զինված ուժերը վայրկենապես ձեր կողքին են լինելու՝ ապահովելու ձեր անվտանգությունը»,-իր ուղերձում շեշտել է գեներալ Օզելը՝ ակնարկելով, որ հարձակման դեպքում Թուրքիայի ԶՈւ-ն ռազմական գործողություններ կսկսի «Իսլամական պետության» դեմ։

Հայտնի է նաև, որ ներկայում դամբարանը հսկում են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները՝ «բոսորագույն բերետները», շուրջ 50 հոգանոց անձնակազմով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *