Իրաքը Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրներ է գնել Ռուսաստանից

Ռուսաստանը Իրաքի զինված ուժերին է տրամադրել ռուսաստանյան արտադրության Պանցիր-Ս1 զենիթահրթիռային հրանոթային համալիրների (ԶՀՀՀ), ինչպես նաև Իգլա-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը, հայտնում է Իրաքի ՊՆ կայքը:

Իրաքի զինված ուժերի նոր ստացած Պանցիր-Ս1 զենիթահրթիռային համալիրն ու Իգլա-Ս զենիթահրթիռային համալիրը

Իրաքի զինված ուժերի նոր ստացած Պանցիր-Ս1 զենիթահրթիռային համալիրն ու Իգլա-Ս զենիթահրթիռային համալիրը

Համալիրների տրամադրումը նախատեսված է Իրաքի ու Ռուսաստանի՝ 2012-ին կնքած զենքի առևտրի պայմանագրով: Իրաքն այն ժամանակ պատվիրել էր 4,2 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն, որի մեջ մտնում էին 42 Պանցիր-Ս1 համալիր, ինչպես նաև 36 միավոր Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռներ: Հետագայում փոխադարձ պայմանավորվածությամբ որոշվեց պակասեցնել Իրաքին տրամադրվելիք Մի-28ՆԷ հարվածային ուղղաթիռների քանակը, փոխարենը պայմանագրի մեջ ներառել նաև Մի-35 բեռնատար ուղղաթիռներ:

Ենթադրվում է, որ ռուսաստանյան Պանցիրները իրաքյան զինված ուժերի հակաօդային պաշտպանության սյուներից են լինելու, քանի որ մինչ այդ երկրի ԶՈւ սպառազինության մեջ սակավաթիվ ու աղքատ էր ՀՕՊ սպառազինությունը:

Ավելացնենք, որ բացի Պանցիրներից ու Իգլաներից, իրաքցիները վերջերս Ռուսաստանից ստացել են նաև ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, ԲՄ-21 Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 152 մմ 2Ա65 Մստա-Բ քարշակվող հաուբիցներ, ինչպես նաև 120 մմ 2Բ11 ու 80 մմ 2Բ14 ականանետներ:

Պայմանագիրը ներառում էր նաև նշված զինատեսակների համար նախատեսված արկեր, ականներ և այլն: Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան ռուսաստանյան կողմը տրամադրելու էր ինչպես սեփական զինված ուժերի կազմից, այնպես էլ նորն է արտադրելու:

Նման շտապողականությունը պայմանավորված է Իրաքի պատերազմական վիճակով: Խնդիրն այն է, որ Իսլամական պետություն ահաբեկչական  խմբավորմանը հունիսի սկզբին հաջողվել էր վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսային ու հյուսիսարևմտյան մի շարք շրջանների վրա: Դրանից հետո խմբավորումը հայտարարել է Իրաքի ու Սիրիայի՝ իր վերահսկողության տակ եղած տարածքներում Իսլամական խալիֆայություն ստեղծելու մասին ու սպառնում է Բաղդադին:

Նույն այս պատճառով հունիսի երկրորդ կեսին Իրաքը արագացված կարգով Սու-25 գրոհիչներ էր գնել Ռուսաստանից: Դրանք անմիջապես մատակարարվել էին Իրաքի զինված ուժերին, իսկ այդ մասին պատմող տեսանյութը դրվել էր համացանցում:

Ավելացնենք, որ Պանցիր համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար: Անձնակազմը երեք հոգանոց է, համալիրը մարտական պատրաստության վիճակի է բերվում հինգ րոպեի ընթացքում: ԶՀՀՀ-ն իր սպառազինությունում ունի 12 հրթիռ և 1400 արկ՝ հրանոթի համար: Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18 կմ հեռավորության վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *