Թուրքական Vestel ընկերության անօդաչուն փորձարկումների վերջին փուլում է

Թուրքական «Վեսթել» (Vestel) ընկերության Քարայել (Karayel) հետախուզական անօդաչու թռչող սարքը կարող է առաջիկայում համալրել Թուրքիայի զինված ուժերը. անօդաչուն փորձարկումների վերջին փուլն է անցնում, տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը։

Փորձարկումների ժամանակ Քարայելը կարողացել է 6550 մետր բարձրությունում 20 ժամ անցկացնել։ Աղբյուրը նշում է, որ անօդաչուն հագեցած է «սխալներից համակարգված պաշտպանությամբ» համակարգով, որից ունեն ինքնաթիռները։

Քարայել. Թուրքիայի ԶՈւ

Նշենք, որ այս տարվա ապրիլին թուրքական Vestel Savunma Sanayi (Վեսթել Սավունմա Սանայի) ընկերությունն իրականացրել է Քարայել անօդաչու թռչող սարքի սերիական տարբերակի առաջին փորձնական թռիչքը։

Փորձնական թռիչքներից հետո անօդաչուները փոխանցվելու են պատվիրատուին՝ Թուրքիայի զինված ուժերին, տեղեկացնում է թուրքական ընկերությունը։ Թուրքական զինուժին է փոխանցվելու 6 ԱԹՍ, 3 ցամաքային ղեկավարման կայան և օժանդակող համակարգեր։

Քարայելը մարտավարական անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է հետախուզության համար։ Ավելի փոքր չափերի նախատիպն իր առաջին թռիչքը կատարել էր 2009 թվականին, սակայն հետո պատվիրատուի՝ Թուրքիայի ԶՈւ-ի պահանջով ենթարկվել էր փոփոխությունների, այդ թվում՝ զգալի մեծացվել էին անօդաչուի չափերը։

Սպասվում էր, որ անօդաչուները թուրքական զինուժին էին հատկացվելու 2013 թվականին, սակայն դրանց հանձնումն ուշացել է։

Քարայելի նոր տարբերակն ունի 550 կգ քաշ, կարող է կրել մինչև 70 կգ բեռ։ Թևերի բացվածքը 10.5 մետր է, երկարությունը՝ 6.5 մ։

Օդում կարող է մնալ մինչև 20 ժամ և բարձրանալ մինչև 6.8 կմ։ Արդյունավետ ազդեցության հեռավորությունը 150 կմ է։

Հավելենք, որ թուրքական անօդաչուն ցուցադրվել է սեպտեմբերի 11-13-ը Բաքվում կայացած ADEX-14 ռազմական ցուցահանդեսի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *