Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտները 2 ահաբեկչություն են իրականացրել՝ պայթյուն կազմակերպելով զինծառայողների փոխադրող 2 ավտոբուսների մոտ։ Ահաբեկչական գործողության զոհ են գնացել առնվազն 7 հոգի, հաղորդվում է 20-ից ավելի վիրավորների մասին։
Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում տալով Քաբուլի քաղաքային ոստիկանության ղեկավարի՝ Ֆարիդ Աֆզալիի խոսքերին, առաջին պայթյունը գրանցվել է Քաբուլի արևմտյան հատվածում, իսկ երկրորդը՝ որոշ ժամանակ անց հյուսիս-արևելքում։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը։
Նկատենք, որ ահաբեկչություններն արձանագրվել են Աֆղանստանի նոր նախագահ Աշրագ Հանիի՝ ԱՄՆ-ի հետ կնքած անվտանգության պայմանագրից հետո, ինչը ենթադրում է՝ խաղաղապահ առաքելության 10 հազար զինծառայողներ շարունակելու են ծառայությունն Աֆղանստանում 2014-ից հետո, մինչդեռ նախկին նախագահ Համիդ Քարզայը չէր համաձայնում ստորագրել այս պայմանագիրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին նոր նախագահի երդմնակալությունից րոպեներ առաջ մահապարտ ահաբեկիչների խումբը հարձակվել էր Աֆղանստանի արևելյան Փաքթիա նահանգում տեղակայված կառավարական վարչական համալիրի վրա։ Բացի այդ, պայթյուն էր արձանագրվել մայրաքաղաք Քաբուլում։
Աֆղանստանում ընտրություններն անցկացվել են երկու փուլով։ Առաջինը կայացել է սույն թվականի ապրիլի 5-ին, թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավել ձայն չէր հավաքել։ Երկրորդ փուլը կայացել է վերջերս, հաղթել է Աշրաֆ Հանին, սակայն նրա մրցակիցը՝ Աբդուլա Աբդուլան, հայտարարել է զանգվածային ընտրախախտումների մասին՝ սպառնալով կազմավորել այլընտրանքային կառավարություն։ Հակասությունը հնարավոր եղավ լուծել, երբ երդմնակալությունից հետո նախագահը կառավարության ղեկավար՝ վարչապետ նշանակեց Աբդուլա Աբդուլային։