Թուրքիան հույներին մեղադրում է իր ռազմանավերին ու կործանիչներին խանգարելու համար

Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մեղադրել Հունաստանի զինուժին թուրքական ռազմանավերն ու կործանիչները որսալու համար։

Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 29-ին Հունաստանն օդ է բարձրացրել իր F-16 կործանիչները, երբԹուրքիայի ԶՈւ 2 միավոր F-16-ները , ըստ թուրքական կողմի, ուսումնական թռիչք էին կատարում Էգեյան ծովի միջազգային ջրային տարածքում։

Բացի այդ, Թուրքիան Հունաստանին մեղադրում է նաև Իտալիայում ՆԱՏՕ-ի զորավարժության մեկնող «Թուրգութրեիս» ֆրեգատի մոտակայքում թռիչքներ կատարելու համար։ Թուրքերը պնդում են, թե թուրքական ռազմանավը նավարկելիս է եղել Էգեյան ծովի միջազգային ջրային տարածքում, իսկ հունական F-16-երը թռիչք են կատարել և փորձել խանգարել ռադիոէլեկտրոնային միջոցներով։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական կողմը մշտապես հայտնում է Հունաստանի կողմից իր օդային և ջրային սահմանը խախտելու, ինչպես նաև սեփական ռազմական ինքնաթիռներին և ռազմանավերին խանգարելու մասին։

Այսպես, ըստ թուրքերի՝ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հունաստանի օդուժի F-16 կործանիչն Իզմիրի նահանգի օդային տարածքում մի քանի վայրկյան է անցկացրել, որից հետո հեռացել է։ Միջադեպը լուրջ հետևանքների չի բերել։

Ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին Հունաստանի օդուժի «Սուպեր Պումա» ուղղաթիռն Իզմիրի նահանգի օդային տարածքում 2 րոպե է անցկացրել, որից հետո հեռացել է։

Հունիսի 21-ի վաղ առավոտյան Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը շուրջ 50 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։ Թուրքական կողմի զգուշացումներից հետո հունական պարեկային կատերը հեռացել է Թուրքիայի ջրային սահմաններից։

Եվս մեկ նման դեպք է եղել հունիսի 17-ին՝ Հունաստանի առափնյա անվտանգության պարեկային կատերը երեկոյան ժամերին շուրջ 42 րոպե է անցկացրել Թուրքիայի ջրային տարածքում։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2 միավոր F-16 կործանիչները և 2 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչները հունիսի 17-ի առավոտյան ուսումնական թռիչք են կատարել Էգեյան ծովում, երբ նրանց որսալու համար օդ են բարձրացվել հունական F-16 կործանիչներ։ Նույն օրը հունական պարեկային կատերը մտել էր Թուրքիայի ջրային տարածք։

Ավելի վաղ ևս թուրքական զինուժը հայտնել էր, թե Էգեյան ծովում Հունաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները խանգարել են թուրքական ռազմական ինքնաթիռների թռիչքին։

Նշենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի ջրերում և օդային տարածքում հաճախ է լարված իրավիճակներ ստեղծում, քանի որ ՆԱՏՕ-ում դաշնակից այս պետությունները մի շարք կղզիների հարցում տարածքային խնդիրներ ունեն։ Բացի այդ, երկու պետությունների հարաբերությունները լարված են Կիպրոսի խնդրի պատճառով. կղզու հյուսիսային հատվածը շուրջ 40 տարի Թուրքիայի բռնազավթման տակ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *