Վրաստանի շտապօգնության զրահապատ մեքենան Սաուդյան Արաբիայի մրցույթի եզրափակչում է (վիդեո)

Վրացական շտապօգնության զրահապատ մեքենան, Սաուդյան Արաբիայի հայտարարած մրցույթում բարեհաջող անցնելով փորձարկումները, դուրս է եկել եզրափակիչ։

Վրաստանյան «Դիդգորի» զրահամեքենայի սանիտարական տարբերակը

Վրաստանյան «Դիդգորի» զրահամեքենայի սանիտարական տարբերակը

Այս մասին հայտնում է վրաստանյան «Գրուզիա օնլայն» պարբերականը՝ հղում անելով «Կվիրիս պալիտրա» թերթին։

Թերթի հաղորդմամբ` «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի արտադրության «զրահապատ շտապօգնությունը» եզրափակիչ է հասել ամերիկյան Lenco (Լենքո) զրահամեքենայի հետ։

«Արաբական անապատում վրացականի հետ մեկտեղ ներկայացվել են ամերիկյան 3 և Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների մեկական շտապօգնության զրահապատ մեքենա։ Փորձնական քննությունը բարդ է եղել՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում առավելագույն արագությամբ պետք է եղել անցնել անապատը, ինչը վրացական զրահապատ մեքենան արել է 120 կմ/ժ արագությամբ։

«Միակ փուլը, որը ոչ մի զրահապատ մեքենա, բացի վրացականից, չի կարողացել հաղթահարել, եղել է 61 աստիճանի թեքություն բարձրանալը։ Իսկ Վրաստանի ներկայացրած զրահամեքենան իջել է թեքությունն ու հետընթաց բարձրացել մինչև վերջ»,- նշվում է թերթի հաղորդագրությունում։

Հայտնի է նաև, որ մրցույթում փորձարկումներն իրականացրել են տեղի մասնագետները, իսկ վարորդները եղել են արաբ զինվորականներ։

Այս ամենին զուգահեռ մրցույթն անց է կացվում միավորներով, իսկ միավորների վերջնական պատկերը հստակ կլինի հոկտեմբերի վերջին։

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի պետական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը ներկայացրել էր տեղական Դիդգորի զրահամեքենայի սանիտարական տարբերակը։ Մեքենան նախատեսված է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների տեղափոխման ու նաև տեղում առաջին օգնության ցուցաբերման համար: Այն պատրաստել են նույն «Դելտա» կենտրոնի ժամանակին ստեղծած Դիդգորի-2 զրահապատ մեքենայի հիմքի վրա:

Մեքենան ներկայացրել են «անապատային» քողարկող գունավորմամբ՝ նպատակ ունենալով գրավել արտասահմանյան պատվիրատուների ուշադրությունը:

Նշենք, որ մինչ այս՝ 2014-ի հունվարին, վրաստանյան կազմակերպությունը նույն Դիդգորի-2 զրահամեքենայի հիմքով պատրաստել էր կապի ապահովման մեքենա: Այն Վրաստանում պատրաստել էին ամերիկյան Harris Corporation ընկերության հետ համատեղ:

Դիդգորի մեքենան, որի հիմքի վրա ստեղծվել են երկու մեքենաները, ապահովում է անձնակազմի պաշտպանությունը հրաձգային զենքերից ու արկերի բեկորներից։ 4×4 ընթացամասով Դիդգորի-1 ու Դիդգորի-2 մեքենաները ստեղծվել են F սերիայի Ford մեքենաների հիմքի վրա։

Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ Դիդգորի մեքենաները Վրաստանում սերիական արտադրության են դրված։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *