Թուրքիայում սեպտեմբերի 30-ին ավարտվում է Պակիստանի հետ համատեղ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունը, որը մեկնարկել էր նույն ամսվա 15-ին։
«Ջիննահ-2014» անունը կրող վարժանքներն անցկացվում էին Ըսպարտա նահանգի Էղիրդիր շրջանում բարձրլեռնային զորավարժարանում, ինչպես նաև Անկարայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարությունում։
Թուրքական և պակիստանյան հատուկ նշանակության զորքերի ամենամյա վարժանքներն անցկացվում են 1998 թվականից։ Պակիստանում անցկացվող զորավարժությունները ստացել են «Աթաթուրք» անվանումը, իսկ Թուրքիայում անցկացվող վարժանքները կրում են «Ջիննահ» անունը։
Այս տարվա վարժանքների ընթացքում կողմերը զարգացրել են բարձրլեռնային շրջաններում, քաղաքում համատեղ գործողություններ իրականացնելու հմտությունները, հակաահաբեկչական գործողությունները։
Կողմերը վարժանքներին ներկայացել են հատուկ նշանակության երկուական ստորաբաժանումներով։