Վիետնամն Իսրայելից գնել է Orbiter-2 անօդաչու

Վիետնամն իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունից գնել է Orbiter-2 (Օրբիտեր-2Մ) անօդաչու թռչող սարք հրետանու գործողությունների համակարգման նպատակով։

Orbiter-2M ԱԹՍ

Orbiter-2M ԱԹՍ

Այս մասին հաղորդում է ավիացիոն լուրերում մասնագիտացած Flightglobal կայքը՝ հավելելով, որ գործարքի մանրամասները հայտնի չեն։ Պարզ չէ, թե քանի միավոր ԱԹՍ է պատվիրել Վիետնամը, պայմանագրի արժեքը ևս չի հրապարակվել։

Այդուհանդերձ, դեռևս 2013-ի մայիսին հայտնի էր դարձել՝ Վիետնամը անօդաչուներ է գնելու Բելառուսից՝ միաժամանակ փորձելով արտադրել սեփական ԱԹՍ-ները։

Նկատենք, որ Orbiter-2 անօդաչուի Orbiter-2M մոդիֆիկացիայի շահագործող երկրներից է նաև Ադրբեջանը, որն իսրայելական ընկերության հետ 2009-ին կնքած պայմանագրի արդյունքում իր տարածքում հիմնել է այդ թվում նմանատիպ ԱԹՍ-ներ արտադրող Azad Systems ընկերությունը։ ԱԹՍ-ներ արտադրող գործարանը սկսել են շահագործել 2011-ի գարնանից։ 2013-ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանում արտադրվել է ընդամենը 10 միավոր Orbiter-2M, մինչդեռ պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ավելի վաղ հայտարարել էր, որ 60 միավոր են արտադրելու նույն ժամանակահատվածում։

Այս անօդաչուն ունի էլեկտրական շարժիչ, նախատեսված է հետախուզության և մարտավարական որոնողական աշխատանքների համար։ Երկարությունը 1 մ է, բարձրությունը՝ 0.2 մ, թևերի բացվածքը՝ 3 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 9.5 կգ, առավելագույն օգտակար բեռնվածությունը՝ 1.5 կգ, արագությունը՝ 55-130 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝  4 ժամ, հեռավորությունը՝ մինչև 80 կմ, թռիչքի առաստաղը՝ 5486 մ, արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *