Դոնեցկի մարտերում կառավարական 7 զինվոր է սպանվել

Տանկային կրակի պատճառով կառավարական զորքերի 7 զինծառայող է զոհվել Դոնեցկի օդանավակայանի տարածքում մղվող մարտերի ժամանակ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների շտաբին:

Եվս 9 զինծառայողներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել մարտի ընթացքում:

Դոնեցկ քաղաքի մեկ այլ հատվածում հրետանային կրակի պատճառով մահացել է 3 ու վիրավորվել ևս 5 քաղաքացիական անձ, սակայն չի նշվում, թե որ կողմն է արձակել հրետանային արկերը:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը փոխանցել էր, որ Պորոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Դոնբասում կրակի դադարեցման մասին:

Չնայած դրան՝ Ուկրաինայի արևելքում մարտերը շարունակվում են, թեև ավելի պասիվ ձևով: ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքացիական պատերազմի պատճառով երկրի հարավ-արևելքում 2014-ի ապրիլից մինչև սեպտեմբեր մահացել է ավելի քան 3000 մարդ, հարկադիր տեղահանվել է 275 հազարը:

Նշենք, որ ուկրաինական ճգնաժամը սկսվեց դեռևս 2013-ին: 2014-ի փետրվարի 22-ին Ուկրաինայում Մայդանի հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն եղավ, իսկ գահընկեց Վիկտոր Յանուկովիչը փախավ ու ապաստանեց Ռուսաստանում:

2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։ Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հանրաքվեն վավեր չեն ճանաչում մինչ օրս։ Հանրաքվեից հետո ՌԴ-ի դեմ միջազգային մակարդակով պատժամիջոցներ են սահմանել Եվրոպան ու ԱՄՆ։ Սա բացասաբար է ազդել նաև ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, ինչը փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել:

Բացի այդ, Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև։ Պատճառն այն է, որ Ուկրաինայի արևելյան շրջանների փաստացի ղեկավարները պնդում են, որ երկրում պետք է արվի դաշնայնացում (ֆեդերալիզացիա), ինչը ավելի լայն ինքնավարություն կտա մարզերին: Կիևի կենտրոնական իշխանությունը, սակայն, դեմ է սրան, քանի որ մտավախություն կա, որ դաշնայնացումից հետո Ուկրաինայի արևելյան շրջանները կարող են անկախության պահանջներ դնել ու լրիվ դուրս գալ վերահսկողությունից նաև իրավական տեսանկյունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *