Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի պաշտոնը հոկտեմբերի 1-ից կստանձնի Յենս Ստոլտենբերգը, ով կփոխարինի ներկա քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

ՆԱՏՕ-ի ներկա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (ձախից) ու նորընտիր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը (աջից)
Յենս Ստոլտենբերգի նշանակման որոշումը Հյուսիսատլանտյան խորհուրդը կայացրել է դեռևս 2014-ի մարտի 28-ին, իսկ պաշտոնում նրա նշանակումը կլինի հոկտեմբերի 1-ին՝ 5 տարի ժամկետով:
Յենս Ստոլտենբերգը ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1959-ին Օսլոյում։ Ստացել է տնտեսագետի կրթություն։ Նորվեգիայում զբաղեցրել է Էներգետիկայի ու արդյունաբերության նախարարի (1993-1996), Ֆինանսների նախարարի (1996-1997) պաշտոնները։
Հետագայում՝ 2000-2001 ու 2005-2013 թվականներին, զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։ Ստոլտենբերգի վարչապետության տարիներին Նորվեգիան ավելացրել է ռազմական ծախսերն ու մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին։
Ստոլտենբերգը Նորվեգիայի վարչապետ եղած տարիներին լավ հարաբերություններ է ստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, ու սա կարող է վստահության մթնոլորտ ստեղծել ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի լարված հարաբերությունների մեջ, ինչպես հավաստիացնում է ամերիկյան Defense News կայքը:
Չնայած դրան՝ նշանակման մասին տեղեկությունների հրապարակումից հետո Ստոլտենբերգը երբևէ էական անդրադարձեր չի կատարել ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ: