Աֆղանստանում նախագահի երդմնակալությունից առաջ պայթյունների շարք է արձանագրվել

Մահապարտ ահաբեկիչների խումբը հարձակվել է Աֆղանստանի արևելյան Փաքթիա նահանգում տեղակայված կառավարական վարչական համալիրի վրա։ Բացի այդ, պայթյուն է արձանագրվել մայրաքաղաք Քաբուլում։ Պայթյունների այս շարքը կապված է Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայայի երդմնակալության արարողության հետ։

Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայա

Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Հանի Ահմադզայա

Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Աֆղանստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության տվյալները։ Համաձայն դրանց՝  մահապարտն ականապատ ավտոմեքենայով մոտեցել է վարչական շենքի մուտքին, որտեղ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են եղել։ Այնուհետև ավտոմեքենան պայթեցվել է, իսկ այդ ընթացքում շենքի մոտ հայտնված զինյալներն ինքնաձիգերից կրակ են արձակել համալիրի ուղղությամբ։ Միջադեպի մանրամասները պարզվում են։ Դրա պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Թալիբան» շարժման առաջնորդները։

Նկատենք, որ Աֆղանստանի նոր նախագահի երդմնակալությունից րոպեներ առաջ պայթյուն է արձանագրվել նաև Քաբուլի օդանավակայանի անցակետում։ Ականատեսները հաղորդում են մի քանի սպանվածների և տուժածների մասին։

Հիշեցնենք, որ Աֆղանստանում ընտրություններն անցկացվել են երկու փուլով։ Առաջինը կայացել է սույն թվականի ապրիլի 5-ին, թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավել ձայն չէր հավաքել։ Երկրորդ փուլը կայացել է վերջերս, հաղթել է Աշրաֆ Հանին, սակայն նրա մրցակիցը՝ Աբդուլա Աբդուլան, հայտարարել է զանգվածային ընտրախախտումների մասին՝ սպառնալով կազմավորել այլընտրանքային կառավարություն։ Հակասությունը հնարավոր եղավ լուծել, երբ երդմնակալությունից հետո նախագահը կառավարության ղեկավար՝ վարչապետ նշանակեց Աբդուլա Աբդուլային։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *