Իրանը հարվածներ կհասցնի իսլամիստներին, եթե նրանք մոտենան իր սահմաններին

Իրանի Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդեսթանը հայտարարել է՝ եթե «Իսլամական պետության» զինյալները մոտենան Իրանի սահմանին, իրենք պատրաստ են դիմագրավել իսլամիստներին:

Իրանի զինված ուժեր

Իրանի զինված ուժեր

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, այս մասին գեներալը տեղեկացրել է լրագրողներին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ընթացքում՝ ընդգծելով, որ Իրանի զինուժը պատրաստ է երկրի արևմտյան սահմանների պաշտպանությունն ապահովելուն: «Եթե զինյալները փորձեն անգամ մոտենալ իրանական սահմանին, ապա մեր ստորաբաժանումները հարվածներ կհասցնեն նրանց նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք դեռ կլինեն իրաքյան տարածքում: Մենք նկատելիորեն ամրացրել ենք մեր սահմանները, համալրել սահմանին տեղակայված ստորաբաժանումները, բարձրացրել նրանց մարտունակությունը: Բացի այդ, առաջիկայում սահմանային հատվածներում զորավարժություններ ենք անցկացնելու, որոնք ընթացքում կիրառվելու են այդ թվում անօդաչու թռչող սարքեր»,-ընդգծել է գեներալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը խոստովանել էր՝ իր զինուժի զինծառայողները մասնակցել են Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ մարտական գործողություններին։ Մասնավորապես,  Իրանի ԶՈւ մոտ 70 զինծառայողներ 2014-ի ամռան ընթացքում աջակցել են Իրաքի քրդերին Արբիլ քաղաքն իսլամիստներից պաշտպանելու հարցում։

Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում ինչպես նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ այլ ընդդիմադիր խմբերի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *