Ճապոնիան Իրաքին իսլամիստների դեմ պայքարում օգնելու է 25.5 մլն ԱՄՆ դոլարով

Ճապոնիան Իրաքի կառավարությանն առաջարկել է իր օգնությունը «երկրում հավասարակշռութան հաստատման» համար և «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարում։Ինչպես հաղորդում է Kyodo News ճապոնական լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումի հետ ՄԱԿ ԱԽ-ում հանդիպման ժամանակ։ Վարչապետի խոսքերով՝ Իրաքին ներկայումս անհրաժեշտ են երկրի ներսում հավասարակշռություն, ժողովուրդների ու տարբեր դավանանքների ներկայացուցիչների միասնություն, որպեսզի իսլամիստներին դիմագրավելն առավել արդյունավետ դառնա։ Ուստի, ելնելով այս հանգամանքից՝ Ճապոնիան Իրաքի քաղաքական, ռազմական ու ֆինանսական խնդիրների լուծման համար տրամադրում է 25.5 մլն ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Ճապոնիայի վարչապետը խնդրել է Իրաքի նախագահին բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Ճապոնիայի քաղաքացիների անվտանգությունն Իրաքի տարածքում, ինչպես և ներդրումային դաշտը բարելավվել, ինչը կհանգեցնի այդ թվում ճապոնական ընկերությունների ներգրավմանը գերազանցապես էներգետիկ բնագավառում։

Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում ինչպես նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ այլ ընդդիմադիր խմբերի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *