ՆԱՏՕ-ն սառեցրել է ՌԴ-ի հետ Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելու ծրագիրը

Աֆղանստանին ռուսաստանյան արտադրության Մի-17Վ5 բեռնատար ուղղաթիռներ մատակարարելու շուրջ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև կասեցվել է: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտնել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեկսանդր Գլուշկոն:

Պաշտոնյան հայտնել է, որ դեռևս 2014-ի մարտին, Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ կապված, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովում որոշվել էր կասեցնել կամ սառեցնել Ռուսաստանի հետ բոլոր ռազմական ու քաղաքացիական համատեղ ծրագրերը: Հետագայում՝ հունիսին, նախարարների ժողովը երկարացրեց որոշման գործողության ժամկետը:

Մի-17. Աֆղանստան

Մի-17 ուղղաթիռները Աֆղանստանում

Նշենք, որ 2013-ին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կնքած պայմանագրով, որով երկու կողմերը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարի համար աֆղանական կառավարությանը պիտի հանձնեին 30 միավոր ուղղաթիռ, 2014-ի թվականի սկզբից Ռուսաստանը Աֆղանստանին է տրամադրել 12 միավոր ՄԻ-17Վ-5 բեռնատար ուղղաթիռներ:

Եվս 3 ուղղաթիռ Ռուսաստանը նախատեսում էր ուղարկել Աֆղանստան 2014-ի մայիսին, իսկ պայմանագրով նախատեսված մնացած 18 միավոր ուղղաթիռները՝ մինչև 2014-ի ավարտը:

Նշենք, որ Աֆղանստանին բեռնատար ուղղաթիռներ տրամադրելու առաջին պայմանագիրը ԱՄՆ կառավարության ու ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության միջև կնքվել է 2011-ի մայիսին: Պայմանագրով նախատեսված 21 ուղղաթիռների տրամադրումը Ռուսաստանը ավարտել է 2012-ի կեսերին:

2012-ին երկու երկրները կնքել են ևս մեկ պայմանագիր, որով Ռուսաստանը 2013-ի ընթացքում Աֆղանստանին է տրամադրել ևս 12 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ:

2013-ին ԱՄՆ կառավարությունն ու ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտը» կնքել են երրորդ պայմանագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել է 30 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ աֆղանական կառավարությանը հանձնել 2014-ի ընթացքում:

Ընդհանուր առմամբ երկու երկրների պայմանավորվածության արդյունքում Աֆղանստանն արդեն ստացել է 48 միավոր ուղղաթիռներ, իսկ ևս 15-ը պիտի ստանար մինչև 2014-ի ավարտը: Ընդ որում՝ ԱՄՆ կառավարությունը որոշել է գնել հենց Մի-17Վ-5 ուղղաթիռներ, քանի որ Աֆղանստանի ռազմական օդաչուները վաղուց ընտելացած են այս տեխնիկային և անձնակազմի լրացուցիչ վերապատրաստման կարիք չկա, նշվում էր նաև, որ այս ուղղաթիռները առավելագույնն են հարմարեցված Աֆղանստանի լեռնային ռելիեֆին: Բացի ուղղաթիռների տրամադրումը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են նաև կատարել դրանց ընթացիկ սպասարկումը, որի համար ստեղծել են նպատակային հիմնադրամ:

Սիրիական ու ուկրաինական ճգնաժամները երբեմն սրումներ էին առաջացնում այս պայմանագրերի իրականացման համատեքստում: ԱՄՆ-ն հրաժարվում էր համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն Պենտագոնը կառավարությանը ստիպում էր վերանայել որոշումները, քանի որ Մի-17Վ5 ուղղաթիռները լավագույն տարբերակն էին Աֆղանստանին տրամադրելու համար, իսկ դրանք միջազգային շուկայում մատակարարելու հնարավորություն ուներ միայն Ռուսաստանը:

Ավելացնենք, որ Մի-17Վ-5 (Մի-8ՄՏՎ-5)-ը բազմաթիրախային ուղղաթիռ է։ Այն խորհրդային Մի-8 ուղղաթիռի արտահանվող տարբերակն է։ Կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական գործողությունների դեպքում։ Ուղղաթիռի անձնակազմը 3 հոգի է, դեսանտի քանակը կարող է լինել մինչև 24 մարդ։

Ուղղաթիռի զանգվածը շուրջ 7,5 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 13 տոննա։ 2000 ձիաուժանոց երկու շարժիչների օգնությամբ այն կարողանում է զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ շուրջ 590 կմ։

Նշենք, որ Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռներն աշխարհի մոտ 50 երկրների սպառազինության մեջ են։ Մեկ միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռի արժեքն է 14,75-17,5 մլն ԱՄՆ դոլար։

One response to “ՆԱՏՕ-ն սառեցրել է ՌԴ-ի հետ Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելու ծրագիրը

  1. Pingback: Ռուսաստանն ավարտել է ԱՄՆ-ի միջոցներով Աֆղանստանին ուղղաթիռներ տրամադրելը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *