Իրանը ներկայացրել է օդային թիրախներ խոցող իր նոր անօդաչուն

Իրանի Իսլամիստական Հանրապետությունում երկրի պաշտպանության փոխնախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիին օրերս ներկայացրել են զենիթային հրթիռներով զինված անօդաչու թռչող սարք, որն իրանական Mohajer ԱԹՍ-ի արդիականացված տարբերակն է:

Mohajer ընտանիքի նոր ԱԹՍ

Mohajer ընտանիքի նոր ԱԹՍ

Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաընկերության կայքը, փոխնախարարը հայտարարել է, որ նոր անօդաչուի հրթիռներն ունակ են կետային հարվածներ հասցնել ոչ միայն վերգետնյա (հրամանատարական կետեր ու թեթև զրահապատ մեքենաներ), այլև տարբեր տիպի օդային թիրախների (անօդաչուներ, ուղղաթիռներ): Ըստ աղբյուրի՝ նոր ԱԹՍ-ն ստեղծել են Իրանի պաշտպանության նախարարության և Իրանի օդատիեզերական արդյունաբերության կազմակերպությունը երկրի զինուժի կարիքները հոգալու համար: Փոխնախարարը շեշտել է, որ փորձարկումների մի քանի փուլերի հաջող ավարտից հետո ԱԹՍ-ն կհանձնեն զինված ուժերի շահագործմանը:

Հիշեցնենք, որ Mohajer ընտանիքի ԱԹՍ-ների զանգվածը տատանվում է 85-174 կգ-ի սահմաններում, երկարությունը՝ 2.9-3.64 մ-ի, արագությունը՝ 120-220 կմ/ժ-ի՝ կախված մոդիֆիկացիայից: Նկատենք, որ 2010-ին ամերիկյան աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ներկայացրել է արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում է վենեսուելական ԱԹՍ: Վերջինս շատ նման էր իրանական Mohajer-2-ին: Ավելի ուշ Վենեսուելան պաշտոնապես ներկայացրել է CAHT Arpia անունով իր անօդաչուն, որն իրանական Mohajer-ի վենեսուելական տարբերակն է: Հայտնի է նաև, որ Վենեսուելան 28 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր էր կնքել Իրանի հետ Mohajer-2 ԱԹՍ-ների գնման շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *