Ուկրաինացի «կամավորների մի խումբ», ինչպես նրանց անվանում են ռուսաստանյան ու ուկրաինական լրատվամիջոցները, մտադիր է գնել բրիտանական Saxon AT-105 հնացած զրահափոխադրիչների մի խմբաքանակ ու այն տրամադրել ուկրաինական զինված ուժերին: Այս մասին հայտնում է autoconsulting.com.ua կայքը:
«Կամավորներն» արդեն պայմանավորվել են մատակարարողի հետ, որի անունը չի հրապարակվում: Հայտնի է սակայն, որ խոսքը 50 օգտագործված զրահափոխադրիչների մասին է, որոնց համար ուկրաինացիները վճարելու են մոտ 2,8 մլն ամերիկյան դոլար:
Սակայն գործարքի կատարումը ներկայում օդից է կախված, քանի որ զրահափոխադրիչներն Ուկրաինա տեղափոխելու համար գնորդները պիտի օգտվեն միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, որոնք երկրից երկիր զրահատեխնիկա փոխադրելու արտանագրեր ունեն: Իսկ միջնորդների ծառայությունները էականորեն կավելացնեն զրահափոխադրիչները գնելու ծախսերը:
Ուշագրավ է նաև զրահափոխադրիչների ընտրությունը, որովհետև բրիտանական Saxon AT-105 զրահափոխադրիչները նախագծվել ու արտադրվել են 1970-ականներին՝ հիմնականում որպես ոստիկանական ուժերի համար նախատեսված զրահապատ մեքենաներ:
Զրահապատ մեքենաներն ունեն 4×4 անվային ընթացամաս, 2 հոգանոց անձնակազմ ու մինչև 10 դեսանտային (կամ մինչև 2 տոննա բեռներ) տեղափոխելու հնարավորություն:
Թույլ զրահավորման ու ցածր գնի հարաբերակցությունը հավանաբար համապատասխանել է պահանջներին, ու ժամանակին մի քանի երկրներ զինված ուժերում օգտագործելու համար գնել են այս զրահամեքենաներից: Սակայն 1990-ականների ընթացքում բրիտանական զինված ուժերում լրիվ հրաժարվեցին մեքենաներից ու դրանք պահեստավորեցին:
Ներկայում հավանաբար ուկրաինացիներին նույնպես գրավել է մեքենաների ցածր գինը՝ մոտ 57 հազար ամերիկյան դոլար, ու երկրի արևելքում տիրող անկայուն իրավիճակից ելնելով՝ նրանք որոշել են գնել դրանք:
Ուկրաինայի դեպքում այս հանգամանքը զարմանալի չէ, քանի որ ապստամբների դեմ պայքարելու համար այնտեղ անգամ քաղաքացիական ամենագնացները կարող են ձևափոխել, ամրացնել երկաթյա թիթեղներ ու անվանել «Սկորպիոն» զրահամեքենա:
Pingback: «Ուկրօբորոնպրոմը» զինել է ԱՄՆ-ից ու Բրիտանիայից ստացած անցեն զրահամեքենաները | Ռազմ.info