ՀՀ նախագահը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով ԱՄՆ այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ:

ՀՀ նախագահը ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ գործընթացում երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Թորբյորն Յագլանդը կարևորել է գործընթացը և դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի և նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն էլ ավելի խորացնելուն, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *