ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 24-ին միաձայն կողմ է քվեարկել մի բանաձևի, որը պարտավորեցնում է այս կամ այն պետությանը «կանխել և կասեցնել» սեփական քաղաքացիների մասնակցությունը արտերկրում հակամարտություններին ու զինված բախումներին։ Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, օտարերկրացիների ներգրավումը զինված խմբավորումներին, նրանց ներգրավվածության նպաստելը, ըստ բանաձևի, պետք է օրենքի սահմաններում պատժվի։ Ակնհայտ է, որ համանման բանաձևի ընդունման պատճառը Սիրիայում և Իրաքում ակտիվ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումն է և դրա դեմ վերջին շրջանում մեկնարկած պայքարը։ Ընդ որում, փորձագետները հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումների շարքերում մարտնչում են ավելի քան 70 երկրներից ժամանած 12 հազար զինյալներ։
Նշենք, որ բանաձևի նախագիծն առաջարկվել էր ԱՄՆ-ի կողմից սեպտեմբերի սկզբին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ ԱԽ-ին ուղղված իր կոչում շեշտել էր, որ սույն բանաձևը կհիշեցնի աշխարհին ծայրահեղականությանը դիմագրավելու պատասխանատվության մասին։
Նկատենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին սատարել է «Իսլամական պետության» դեմ համակարգված պայքարելու ԱՄՆ-ի առաջարկը՝ միաժամանակ առաջարկելով հատուկ համաժողով գումարել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչության խնդրի շուրջ, որին կմասնակցեն նաև Արաբական երկրների լիգան, Աֆրիկյան միությունը և այլ կառույցներ։
Նկատենք, որ սեպտեմբերի 25-ին հայտնի է դարձել՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանից թույտվություն է խնդրելու «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության մասնակցության առնչությամբ։ Ֆրանսիան էլ իր հերթին մտադիր չէ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:
Նույն ժամանակ Սիրիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին։ «Ռոյթերսի» տվյալներով՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ այդ հարվածների հետևանքով սպանվել է 15 զինյալ, ինչպես և 5 խաղաղ բնակիչ։ Սիրիայի պատկան մարմինները շարունակում են պնդել, որ ԱՄՆ-ն համաձայնեցրել ու համաձայնեցնում է իր օդային հարվածները Սիրիայի իշխանությունների հետ։
Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում ինչպես նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ այլ ընդդիմադիր խմբերի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։
Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։
Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։