Միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաք՝ Հայաստանում

2015 թվականի ամռանը Ծաղկաձորի մարզաբազայի հենքի վրա անցկացվելու է «Միություն 2015-հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ-հավաքը:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ-ում կայացել է ռազմամարզական մրցույթի նախապատրաստման և կազմակերպչական հարցերի պլանավորման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Խորհրդակցությանը որոշվել են ռազմամարզական մրցույթի անցկացման ընդհանուր խնդիրները, միջոցառման նախապատրաստական աշխատանքների պլանավորման նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:

Սեպտեմբերի 24-ին Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչների աշխատանքային խորհրդակցությունը:

Տեղազննման իրականացման և խնդիրների հստակեցման նպատակով կազմակերպված խորհրդակցության ընթացքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրել միջոցառման ընդհանուր գաղափարն ու կազմակերպչական առանցքային հարցերը: Քննարկվել են նաև միջազգային մրցույթ-հավաքի տեխնիկական, թիկունքային, բժշկական, տեղեկատվական, անվտանգության ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, կազմակերպչական այլ հարցեր:

Հավաքի գլխավոր նպատակն է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված հայրենասիրական, ռազմամարզական միջոցառումների կազմակերպումը` ուղղված երիտասարդության շրջանում հայրենասիրության, ժողովուրդների ազգային, մշակութային և կրոնական արժեքների ամրապնդմանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *