«Ադրբեջանական սադրանքն անպատասխան չի մնում». Ս. Օհանյան: Օրվա ամփոփում

Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ադրբեջանական սադրանքն անպատասխան չի մնում : Զինծառայողներից մեկը պատահաբար վրաերթի է ենթարկել ծառայակցին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Գևորգ Կոծինյանի  իրավահաջորդը հայտնել է, որ պատրաստվում են դիմել ՄԻ Եվրոպական դատարան:

  • Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ադրբեջանական սադրանքն անպատասխան չի մնում. «Այսօր մենք այնպիսի կառույց ենք, որ շատ-շատ խնդիրները պարզապես գաղտնի ենք պահում»:
  • Ժամկետային զինծառայող, շարքային Գագիկ Հովակիմյանը ՀՀ ՊՆ տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելուց հետո, «ԿՌԱԶ» մակնիշի զինհամարանիշով մեքենան ավտոկայանատեղիում կայանելիս ավտոմեքենայի դիմային մասով վրաերթի է ենթարկել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Մելիքյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
  • «Տարվա ընթացքում բանակում գրանցվել են մի քանի կասկածելի մահեր՝ ոչ մարտական պայմաններում: Սպաները կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում նորակոչիկների նկատմամբ: Եվ այս գործողությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում»,- ՀՀ մասով գրված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում:
  • «Կատարված սպանության համար պատասխանատու է նաև պետությունը, որովհետև պետական մարմնի հսկողության տակ գտնվող անձին են կյանքից զրկել: Մենք նաև պնդում ենք բարոյական վնասի փոխատուցման պահանջը (5 միլիոն դրամ) և այդ պահանջով հասնելու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ ներպետական օրենսդրությունը բարոյական վնասի փոխհատուցում չի սահմանում»,-  ասել է զինծառայող Գևորգ Կոծինյանի  իրավահաջորդ Կարեն Թումանյան:
  • «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 52 օր առաջ հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանն այսօր հավանաբար կդադարեցնի այն: Սուրենին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ նա կլինի բժիշկների անմիջական հսկողության ներքո:
  • ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում  հետևել է վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ և հյուրեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *