Վրաստանը հերքում է, որ պատրաստ է իր տարածքը տրամադրել Սիրիայի ապստամբների վերապատրաստման համար

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն Foreign Policy պարբերականին ասել , որ Վրաստանն առաջարկել է իր տարածքում տեղակայել Սիրիայի ապստամբների վերապատրաստման ճամբարները, որոնք պետք է մարտնչեն «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ։ Վրաստանի պատկան մարմինները հերքում են այս տեղեկությունը։ Ավելի ուշ Գեգեշիձեն ևս հրաժարվում է իր խոսքերից։

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձե

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձե

Foreign Policy պարբերականի հոդվածագրի համաձայն՝ Գեգեշիձեն նշել է, Վրաստանը նման առաջարկով հանդես էր եկել դեռևս սեպտեմբերի սկզբին, երբ Վրաստան էր ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։

Ըստ աղբյուրի՝ այդ օրից ի վեր ԱՄՆ-ն դիտարկում է վրացական կողմի առաջարկը։ Գեգեշիձեն նաև շեշտել է, որ ճամբարներում պատրաստություն են անցնելու ոչ միայն Սիրիայի ընդդիմադիր զինյալները, այլև այն բոլոր երկրների քաղաքացիները, որոնք ցանկություն կհայտնեն միանալու իսլամիստների դեմ պայքարին։ Պենտագոնն այն հետևյալ կերպ է մեկնաբանել. «Թբիլիսին շարունակում է դրսևորել իր աջակցությունը խաղաղության և հավասարակշռության պահպանման գործում և միշտ պատրաստ է օգնություն ցուցաբերել մեզ»։

Այնուհանդերձ, Վրաստանի պետական անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է դեսպանի խոսքերը՝ հավաստիացնելով, թե Վրաստանի տարածքում ապստամբների վերապատրաստման ճամբարի ստեղծում չի նախատեսվում։ Իր հերթին սեփական խոսքերից հետ է կանգնել նաև ինքը՝ դեսպանը։ «Իմ պատասխանը չէր նշանակում որևէ հաստատում, ցավալի է, որ լրագրողը սխալ է մեկնաբանել՝ ցիտելով մի միտք, որը ես չեմ ասել»,-ընդգծել է Գեգեշիձեն։

Բացի այդ, Վրաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 23-ին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ Վրաստանը դիտարկում է իր դաշնակիցների հետ «Իսլամական պետության» դեմ պայքարի մի շարք տարբերակներ, սակայն դրանցից և ոչ մեկը չի ենթադրում վրացի զինծառայողներին Սիրիա ուղարկելը։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ համանման ճամբարներ են լինելու Սաուդյան Արաբիայի տարածքում, որտեղ նախատեսված է վերապատրաստել մոտ 5 հազար ընդդիմադիրի, որոնք այնուհետև մեկնելու են Սիրիա՝ իսլամիստների դեմ կռվելու։

Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում Բաշարի Ասադի ուժերի և ընդդիմադիր խմբերի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից մետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *