Մալայզիայի համար նախատեսված առաջին A400M-ը շուտով կսկսի փորձարկումները

Մալայզիայի զինված ուժերի համար նախատեսված առաջին A400M բեռնատար ինքնաթիռն առաջիկայում կսկսի փորձարկումները ցամաքում, իսկ պատվիրատուին կհանձնեն 2015 թվականին։

Այս մասին տեղեկացնում են Airbus Space & Defense ընկերությունից։ Ներկայում իսպանական Սևիլիա քաղաքում Airbus-ի գործարանում ընթանում են ինքնաթիռի հավաքման վերջին աշխատանքները։

A400M. Մալայզիայի ԶՈւ

A400M. Մալայզիայի ԶՈւ

Սպասվում է, որ Մալայզայի պատվիրած 4 ինքնաթիռներից առաջին 3-ը կհանձնվեն պատվիրատուին գալիք տարի, իսկ վերջինը՝ 2016 թվականին։

A400M-ի առաջին օրինակներն արդեն ստացել են Ֆրանսիան (4 միավոր) և Թուրքիան (1 միավոր), իսկ Մեծ Բրիտանիայի պատվիրած ինքնաթիռը ներկայում փորձարկումների վերջին փուլում է։

A400M-ի առաջին երկու օրինակները Ֆրանսիան ստացել էր 2013 թվականի ընթացքում, երրորդը՝ 2014 թվականի հուլիսին, չորրորդը՝ օգոստոսին։ Նորագույն ինքնաթիռի ևս մեկ միավոր այս տարի ստացել էր նաև Թուրքիան։

Նշենք, որ եվրոպական Airbus Space & Defense ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։

A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:

Թուրքիան Ֆրանսիայից հետո երկրորդ պետությունն է, որը ստացել է նորագույն ինքնաթիռից։ Թուրքիայի զինված ուժերն ընդհանուր ստանալու է 10 միավոր նորագույն ինքնաթիռներից, ինչի համար վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ A400M-երը Թուրքիային կփոխանցվեն առաջիկա 4 տարիների ընթացքում։

Թուրքական առաջին A400M-ը տեղակայվել է Կայսերիի (Կեսարիա) 221-րդ ավիաբազայում։ Այն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *