Ղազախստանում Սու-27 կործանիչ է վթարի ենթարկվել

Ղազախստանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-27 կործանիչը սեպտեմբերի 23-ին վթարի է ենթարկվել երկրի մայրաքաղաք Ալմա Աթայի մերձակայքում։

Սու-27, Ղազախստանի ՌՕՈւՍու-27, Ղազախստանի ՌՕՈւ

Սու-27, Ղազախստանի ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, Սու-27-ն ուսումնական թռիչք կատարելիս է եղել երեկոյան ժամերին, այն օդ է բարձրացել Տալդիկորգանի ավիակայանից։ Ղազախստանի ՊՆ աղբյուրների փոխանցմամբ՝ 2 օդաչուներից բաղկացած անձնակազմն ամենայն հավանականությամբ կատապուլտի օգնությամբ դուրս է եկել, սակայն մինչ այս պահը շարունակվում են օդաչուների որոնման աշխատանքները միջադեպի վայրում։ Միջադեպի մանրամասները պարզելու համար ստեղծվել է հատուկ հետաքննական հանձնաժողով։

Հավելենք, որ Սու-27-ը 4-րդ սերնդի կործանիչ է, ինքնաթիռի առաջին նախատիպը առաջին թռիչքն է կատարել 1977 թվականին, սկսել են շահագործել 1984-ին, արտադրվել է մոտ 600 միավոր։ Սու-27-ի արդիականացված տարբերակներ կան ԱՊՀ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերում։ Ղազախստանի ՌՕՈւ-ն ներկայումս ունի 25 միավոր Սու-27Ս, Սու-27ԲՄ2, Սու-27ՈւԲ և Սու-27ՈւԲՄ2 կործանիչներ, որոնք արդիականացրել է 2009-2010 թթ.։

Նշենք նաև, որ Բելառուսը 2013-ի օգոստոսին հայտարարել էր՝ շահագործումից դուրս են բերելու իրենց ունեցած Սու-27-երը, սակայն 2014-ի հունվարին հայտնի դարձավ, որ Բելառուսի ՊՆ-ն որոշել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկով արդիականացնել դրանք։

Սու-27ՍՄ-ի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 21.9 մ, թևերի բացվածքը՝ 14.6 մ, բարձրությունը՝ 5.9 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 33 հազար կգ, առավելագույն արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝  11 000 մ, թռիչքի հեռավորությունը՝  2400 կմ։

One response to “Ղազախստանում Սու-27 կործանիչ է վթարի ենթարկվել

  1. Pingback: Վթարվել է Ղազախստանի ԶՈւ Սու-27 կործանիչ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *