Հայաստանը պատրաստվում է 32 խաղաղապահ ուղարկել Լիբանան

Հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատ կմեկնի Լիբանան առաքելության: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին։

«Նախապատրաստվում ենք, բայց դեռ չգիտենք` երբ հրամանը կգա, որ օրվա համար: Գիտենք, որ բազայի պաշտպանություն է լինելու, բայց պայմաններին, իրադրությանը ծանոթ չենք»,-հայտնել է գեներալ-մայոր Սիմոնյանը: Նրա խոսքով` իրենք խնդրանք են ներկայացրել, որ հրամանատարական կազմից երկու-երեք հոգի գործուղվեն առաքելության վայր մինչ խմբի մեկնելը` տեղում ուսումնասիրելու իրադրությունը, ծառայության վայրը:

«Զեկուցագիրս գնացել է, վերադասի որոշմանն ենք սպասում: Ընդհանրապես որքան առաքելություն ունեցել ենք, միշտ առաքելությունից առաջ ընդունված կարգ է, որ գնում, ուսումնասիրում են հրամանատարական կազմից, հետո է գործուղվում խումբը»,- նշել է Արթուր Սիմոնյանը:

ՅՈuՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում էին բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ հարցերի շուրջ, որոնք բերեցին ցանկալի արդյունքի: Հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում նաև Աֆղանստանում, Կոսովոյում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *