Հնդիկները հրաժարվում են Արջուն տանկերի համար իսրայելական հրթիռներից

Հնդկաստանի պետական Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO), որը զբաղվում է հնդկական Arjun Mk-2 (Արջուն) տանկի ստեղծման ու արդիականացման աշխատանքներով, տանկի սպառազինությունից դուրս է թողել իսրայելական հրթիռները, հայտնում է տեղական Hindustan Times կայքը:

Հնդկական ազգային Arjun Mk 2 հիմնական մարտական տանկը Հնդկաստանի Հանրապետության օրվա զորահանդեսի ժամանակ

Հնդկական ազգային Arjun Mk 2 հիմնական մարտական տանկը Հնդկաստանի Հանրապետության օրվա զորահանդեսի ժամանակ

Պետական կազմակերպությունը (Defence Research and Development Organisation –DRDO) հրաժարվել է LAHAT (Լահաթ) հակատանկային կառավարվող հրթիռներից, քանի որ դրանք չեն բավարարում իրենց պահանջներին, թեև մինչ այս իսրայելական հրթիռները ներառված էին տանկի սպառազինության մեջ ու տանկի արդիականացման լրջագույն կետերից էին համարվում:

Նշենք, որ հակատանկային հրթիռները, որոնք պիտի բաց թողնվեին տանկի թնդանոթից, չեն կարողացել ինտեգրվել տանկի մյուս համակարգերի աշխատանքին, ինչի պատճառով դրանց փորձարկման ժամանակ խափանումներ են եղել:

Բացի այդ, DRDO-ի ղեկավար Ավինաշ Չենդերը (Avinash Chander) հայտնել է, որ հրթիռների խոցման արդյունավետ հեռավորությունը 6000 մետրն է, մինչդեռ տանկի համար անհրաժեշտ են 1200 մետրից ավելի քիչ հեռավորությունների վրա թիրախներն արդյունավետորեն խոցող հրթիռներ:

Հիշեցնենք, որ Arjun Mk-2 տանկը վերջերս արդիականացման փուլում էր, որով նախատեսված էր տանկի մեջ կատարել 93 փոփոխություն, որոնցից 19-ը՝ կարևոր ու սկզբունքային: Հենց այդ 19 կարևոր փոփոխություններից մեկն էլ LAHAT (Laser Homing Attack) հակատանկային կառավարվող հրթիռների ներառումն էր տանկի սպառազինության մեջ: Հրթիռները պիտի արձակվեին տանկի թնդանոթի միջոցով:

Հետագայում հայտնի դարձավ, որ Իսրայելը չի հասցնում հրթիռներ տրամադրել Արջուն տանկի արդիականացման համար, քանի որ հրթիռի գործարանային փորձարկումների արդյունքում իսրայելցիները խափանումներ էին հայտնաբերել. դրանցից երկուսի արձակման ժամանակ վրիպումներ էին եղել ու արձակումները խափանվել էին, ինչը չի համապատասխանում Հնդկաստանի պաշտպանության նախարարության առաջադրած պահանջներին։ Դրա պատճառով կողմերը պայմանավորվել էին, որ Հնդկաստանում հրթիռի փորձարկումները կիրականացնեն մեկ տարի ուշ՝ 2015-ի ամռանը, իսկ արտադրող ընկերությունը պարտավորվել էր մինչև այդ կատարելագործել հրթիռները:

Սակայն «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», ու հիմա Հնդկաստանը հրաժարվում է իսրայելական հրթիռներից, փոխարենն էլ մտադիր է տեղական հակատանկային հրթիռներ արտադրել, որոնք կլինեն տանկի սպառազինության մեջ:

Arjun (Արջուն) տանկը Հնդկաստանի «ազգային» տանկն է, որն առաջին անգամ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 1974-ին։ Հետագայում այն մի շարք արդիականացումներ է անցել, իսկ ներկայումս արտադրության է դրված է Arjun Mk-2 տարբերակը։ Տանկը զինված է 120 մմ ակոսավոր թնդանոթով ու դրան կցված 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև 12,7 մմ զենիթային գնդացրով։ Տանկի զանգվածը 58,5 տոննա է, անձնակազմը՝ 4 հոգի։

Ուշագրավ է, որ թեև Հնդկաստանը տանկն անվանում է «ազգային»՝ նկատի ունենալով դրա տեղական լինելը, սակայն տանկի մասերի ու սարքավորումների մեծ մասն արտադրվում է Հնդկաստանի սահմաններից դուրս: Եվ եթե Arjun Mk-1 (առաջին տարբերակ) տանկում տեղական արտադրանքի տոկոսը մոտ 60 տոկոս էր, ապա Arjun Mk-2 (երկրորդ, ներկայում արդիականացվող տարբերակ) տանկում տեղական արտադրանքի տոկոսն ավելի է պակասել ու կազմում է ընդամենը 36-38 տոկոս:

Ներկայում Հնդկաստանն անընդհատ կատարելագործում է տանկը, դրա հիման վրա Հնդկաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) մտադիր է ստեղծել Ապագայի հիմնական մարտական տանկ (FMBT ” Future main battle tank):

One response to “Հնդիկները հրաժարվում են Արջուն տանկերի համար իսրայելական հրթիռներից

  1. Pingback: Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռները համալրվել են իսրայելական հակատանկային հրթիռներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *