Պատերազմի ժամանակ համարձակ նյութեր էինք հրապարակում. Ռազմինֆոն թերթում է «Մարտիկի» արխիվը (ֆոտո)

Արցախյան ազատամարտի ամենաթեժ օրերին  ստեղծվեց «Մարտական թերթիկը»՝  նույն ինքը Պաշտպանության բանակի «Մարտիկ» թերթը։  Ռազմինֆոն թերթել է «Մարտիկի» արխիվն ու զրուցել  թերթի խմբագրի տեղակալ, մայոր Մհեր Հարությունյանի հետ, ով պատերազմի տարիներից աշխատում է թերթում։ 

«Մարտիկ» թերթի խմբագրի տեղակալ, մայոր Մհեր Հովհաննիսյան

«Մարտիկն» ավելի սազական անուն էր։

1993 թվական մարտի 22-ին լույս տեսավ  թերթի առաջին համարը, 4-րդ համարից այն վերանվանվեց «Մարտիկ»։  Մարտական թերթիկը ավելի փոքր ընդգրկում էր ենթադրում, իսկ «Մարտիկն» ավելի սազական անուն էր որպես թերթ, այլ ոչ թե թերթիկ։ Թերթի չափը փոքր էր, որ զինվորին հարմար լիներ կարդալ թե՛ խրամատում, թե՛ զրահամեքենայի խցիկում։

Սկզբում թերթի ամբողջ տպաքանակը ոչ թե տպում էին, այլ պատճենահանում ու տարածում մոտ 500 օրինակ, իսկ հիմա արդեն 6000 տպաքանակով է լույս տեսնում, որպեսզի բոլոր ստորաբաժանումները ստանան իրենց օրինակը։

«Մարտիկի» առաջին համարը

Թերթում 1990-ականներին տեղադրվում էին նաև ռուսերեն նյութեր։

«Այն ժամանակ լեզվի մասին օրենք չկար, որ թերթում միայն հայերեն լիներ։ Դրա համար ժամանակ առ ժամանակ ռուսերեն նյութեր էինք տպագրում»,- պատմում է Մհեր Հարությունյանը։

«Մարտական թերթիկ»-ը վերանվանվեց «Մարտիկ»

«Մարտական թերթիկ»-ը վերանվանվեց «Մարտիկ»

 Պատերազմական շրջանում ավելի համարձակ նյութեր կային։

Շատ հաճախ ենք թերթում թերթի հին համարներն ու գալիս այն եզրակացության, որ պատերազմական շրջանում ավելի համարձակ նյութեր էինք հրապարակում։ Բացի այդ մենք տպագրում էինք ոչ միայն պատերազմական, այլ նաև խաղարարական նյութեր։

Թերթը սկսում ենք կարդալ վերջին էջից։

Բոլոր համարների վերջում հումորի բաժին կա, ու մարդիկ սկսում էին կարդալ հենց վերջից։

Թերթի հումորային հատվածը

Թերթի հումորային հատվածը

«Շատ են արձագանքել, որ թերթը սկսում են կարդալ վերջին էջից։ Ու հաճախ այդ հումորային հատվածներում տեղ են գտել իրական դեպքեր։ Թերթում հումորային հատվածի հերոսները՝  Խաչին և Բուբուլն են։ Կերպարները մտացածին են, այն ժամանակ թերթի կորդինատոր-հրատարակիչ Վալերի Աթաջանյանը և խմբագրության մյուս աշխատողներն են հորինել»,- շարունակում է մայորը։

«Երբ լրագրողները լուսանկարում էին և թերթում տպում, «դժբախտություն էր պատահում զինվորին»։

Այդպիսի սնահավատություն կար Արցախյան ազատամարտի ժամանակ։ Շատերը հրաժարվում էին լուսանկարվել, հարցազրույց տալ։ Բայց հետո դա էլ անցավ, ու տարիներ անց մեզ մոտենում էին ազատամարտին մասնակցածների հարազատներ, ասում, որ մենք նկարել ենք իրենց բարեկամին։ Մենք էլ արխիվը փորփրում էինք, գտնում այդ մարդու լուսանկարներն ու փոխանցում նրանց։

Քարոզչական պաստառները Արցախյան պատերազմի ժամանակ

Քարոզչական պաստառները Արցախյան պատերազմի ժամանակ

Նկարահանելու պահին մարդիկ չեն արժևորում այդ լուսանկարներն ու տպագրված նյութը, բայց հետագայում զգում են դրա կարիքը, մենք էլ նրանց օգնում ենք այդ նյութերի ու լուսանկարների տրամադրման գործում։

«Մարտիկ»

«Մարտիկ»-ն արխիվացրած

Մենք ոչ միայն լուսաբանելու խնդիր ունեինք, այլ նաև կարծիքներ լսելու ու շտկումներ անելու։

Միաշնակ կապը սերտ էր զինծառայողների հետ, հաճախակի էինք լինում զորամասերում, հանդիպում էինք մեր ազատամարտիկներին։ Գնում էինք, տեղում նրանց հետ խոսում և նյութեր պատրաստում։ Իսկ հրադադարի հաստատումից հետո լայն տարածում էր ստացել խմբագրության աշխատողների խմբային այցելությունները զորամասեր և հանդիպումներն ակտիվի հետ, որոնք թերթի նյութերն էին տարածում զորամասերում։ Մենք ոչ միայն լուսաբանելու խնդիր ունեինք, այլ նաև կարծիքներ լսելու ու շտկումներ անելու։

Ֆիդայինները «Մարտիկ» թերթ են կարդում  Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի ankakhutyun.am

Ֆիդայինները «Մարտիկ» թերթ են կարդում
Լուսանկարը՝ Մաքս Սիվասլյանի
ankakhutyun.am

Ստեղծում էինք բանակի պատմության ժամանակագրությունը

Թերթն իր պատմության ողջ ընթացքում բազում խորագրեր է ունեցել, դրանցից են՝ «Ռազմաճակատային ամփոփագրեր», «Դաշտային փոստ», «Բանակային առօրյա» մշտական խորագիրերը, «Լուսամատյան» կամ «Կյանքս հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ» խորագիրը, որտեղ տպագրվել են զոհված ազատամարտիկների մասին նյութեր։ Կարելի է ասել հենց այդպես էլ  ստեղծվել է բանակի պատմության ժամանակագրությունը։

Մհեր Հակոբյանը

Մհեր Հակոբյանը

1994թ ազատամարտիկ Մհեր Հակոբյանը հակառակորդի ինքնաթիռ էր խփել. պատմություններ տարիների խորքից

*****

2014 թվականի ուսումնական փուլի մեկնարկի ժամանակ ՊԲ հրամանատարը պարգևատրում էր նաև ազատամարտիկների։ Զգացի՝ այդ տղաներից մեկի դեմքը շատ ծանոթ էր։ Երբ անուն ազգանունը նշվեց, հիշեցի, որ 1994 թվականին Մհեր Հակոբյանը հակառակորդի ինքնաթիռ էր խփել։ Ես էլ լուսանկարել էի ու նրա մասին ակնարկ էի տպագրել «Մարտիկ» թերթում։ Երբ հարցրի՝ հիշում են, թե՝ չէ, ուրախացավ, ասաց, որ մինչև հիմա թերթը որպես մի մասունք պահում է։

Մհեր Հակոբյանի մասին նյութը Մարտիկում

Մհեր Հակոբյանի մասին նյութը «Մարտիկ»-ում

*****

Մի անգամ մենք մեքենայով դիրքերից վերադառնում  էինք և տեսանք, որ շտապօգնության մեքենայով վիրավոր զինվորի են տեղափոխում։ Տղան ականի պայթյունից էր վիրավորվել, ու երբ մենք նկարում էինք իրենց ընկերները միանգամից «հարձակվեցին» մեզ վրա, իհարկե հետո ամեն ինչ հարթվեց։ Պետք էր պատմության համար պահպանել, չնայած շատ լավ հասկանում էինք նաև վիրավորի ընկերների հոգեվիճակը։

«Մարտիկն» իր առջև դրած խնդիրը հիմա էլ է կատարում

Թերթն այսօր իր գործը կատարում է։ Մենք փորձում ենք հրամանատարության որոշումները հասցնել զինծառայողներին, պահել բանակ-հասարակություն կապը, ներկայացնել բանակաշինության գործում կատարվող փոփոխությունները։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

One response to “Պատերազմի ժամանակ համարձակ նյութեր էինք հրապարակում. Ռազմինֆոն թերթում է «Մարտիկի» արխիվը (ֆոտո)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *