Ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Ուկրաինայում արտադրվող այն սպառազինությամբ, որը փորձարկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում կենտրոնական իշխանության իրականացրած գործողությունների ժամանակ։
Այս մասին ադրբեջանական Haqqin.az կայքին հաղորդել է Ուկրաինայի պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի գիտատեխնիկական վարչության ղեկավար Սերգեյ Պոդպիսնովը։ Նրա խոսքերով՝ իրենք ադրբեջանցի գործընկերներին ներկայացրել են ականանետեր, նռնականետեր, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ կայաններ։ «Ցուցադրել ենք ադրբեջանական կողմին գնդացիրներ, որոնք հնարավորություն ունեն օդային թիրախներ ոչնչացնել 1000 մ բարձրության վրա և հեռակառավարվում են 50 մետրից»,-նկատել է Պոդպիսնովը։ Նա հավելել է, որ Ադրբեջանին ներկայացրել են այդ թվում իրենց ունեցած նորույթները՝ ԲՏՌ-4-ը և հիմնական մարտական տանկը՝ «Օպլոտը»։
Շեշտենք, որ այդուհանդերձ, որևէ պայմանավորվածության, առաջարկների և սպառազինությունների գնմանը նախորդող բանակցությունների, առավել ևս պայմանագրերի մասին խոսք չկա, բացի այդ նյութի միակ աղբյուրն ադրբեջանական Haqqin.az-ն է։
Հիշեցնենք, որ «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնը ստեղծվել է Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով 2010-ի դեկտեմբերին։ Դրա ստեղծման նպատակը տեղական ռազմարդյունաբերական շուրջ 125 գործարանների միավորումն էր։
Կարևոր է նշել նաև, որ Ադրբեջանը 2012-ին ուկրաինական զենքի գնորդ էր. Ուկրաինայից ձեռք էր բերել 14 միավոր ԲՏՍ-5Բ զրահապատ քարշակներ։
Բացի այդ, 2014-ի հունվարին ուկրաինական լրատվակայքերի համաձայն՝ Ադրբեջանը հետաքրքրված էր «Ուկրօբորոնպրոմի» արտադրած նոր VPR.308 ու VPR.338LM դիպուկահար հրացաններով։
Հավելենք նաև, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը 2014-ի մարտի 7-ին հեռացրել էր Սերգեյ Գրոմովին «Ուկրօբորոնպրոմի» գլխավոր տնօրենի պաշտոնից (պաշտոնավարում էր 2012-ի հունիսից), մինչդեռ 2014-ի փետրվարի սկզբին ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի պատվիրակությունը՝ Սերգեյ Գրոմովի գլխավորությամբ, փետրվարի վերջին պետք է այցելեր Ադրբեջան։ Այցը, ամենայն հավանականությամբ, չէր կայացել։
Գրոմովին մարտի 11-ին փոխարինել էր ժամանակավոր պաշտոնակատար Վալենտին Դրոզդը։ Բացի այդ, նույն օրը Գրոմովը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով իր անհանգստությունը, որ Ղրիմի տարածքի ձեռնարկությունները, որոնք «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնին են պատկանում, կարող են ազգայնացվել ու անցնել ՌԴ ուժերի վերահսկողության ներքո։