Չինաստանին պատկանող 3 միավոր պարեկային նավեր սեպտեմբերի 20-ին մուտք են գործել Հարավչինական ծովում տեղակայված Սենկակու վիճելի կղզիների ջրային տարածք։ Այդ կղզիները Ճապոնիան իր տարածքն է համարում։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով Ճապոնիայի առափնյա անվտանգության ծառայության հաղորդագրությանը, Ճապոնիայի սահմանապահները պահանջել են նավերի անձնակազմերից անհապաղ հեռանալ, սակայն խուսափել են կտրուկ գործողությունների դիմելուց։ Չինական նավերը որոշ ժամանակ անց լքել են տարածքը։
Նկատենք, որ ճապոնական աղբյուրների տվյալներով՝ 2014-ի սկզբից ի վեր՝ սա չինական նավերի արդեն 23-րդ մուտքն է Սենկակու կղզիների ջրային գոտի։
Հավելենք, որ Ճապոնիայի ու Չինաստանի հարաբերությունները սրվել էին, երբ 2012-ի սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը անհատ ճապոնացի սեփականատիրոջից գնել է Սենկակու արշիպելագի 5 կղզիներից 3-ը։ Այդ կղզիները Չինաստանը համարում է իր պատմական տարածքները։ Կղզիների պատկանելության վեճը Չինաստանի ու Ճապոնիայի միջև ծագել է 1970-ականների սկզբից։ Ճապոնիան պնդում է, որ կղզիներում հաստատվել է 1895-ից, իսկ մինչ այդ դրանք որևէ պետության չեն պատկանել։
Ըստ պաշտոնական Պեկինի դիրքորոշմամբ՝ կղզիները ընդգրկված էին Չինաստանի կազմում դեռևս 600 տարի առաջ, իսկ 1783 և 1785 թվականների ճապոնական քարտեզների վրա դրանք նշված են որպես չինական տարածքներ։
Հավելենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիներն ԱՄՆ-ի վերահսկողության ներքո էին, ապա 1972-ին դրանք Օկինավա կղզիների հետ տրամադրվեցին Ճապոնիային։ Կղզիները հարուստ են բնական պաշարներով;