Եգիպտոսում գրանցված պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են իսլամիստները

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում՝ արտգործնախարարության շենքից ոչ հեռու, սեպտեմբերի 21-ին պայթյուն է գրանցվել։

Պայթյուն՝ Կահիրեում

Պայթյուն՝ Կահիրեում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում անելով Եգիպտոսի պետական հեռուստատեսության փոխանցած տվյալներին, պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 հոգի՝ 2 խաղաղ բնակիչ, 3 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող։ Ընդ որում, սպանվածների շարքում է գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի դատավարության ժամանակ նրա դեմ ցուցմունք տվող գլխավոր վկան։

Հայտնի է, որ պայթուցիկը տեղադրված է եղել Բուլաքի թաղամասի ոստիկանական անցակետում։ Այդ հատվածում են տեղակայված թե´ ԱԳՆ շենքը, թե´ պետական հեռուստառադիոհեռարձակման կենտրոնը։ Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացված։ Պայթյունի պատասխանատվությունը, համաձայն թվիթերյան միկրոբլոգի, ստանձնել է «Աջնադ Միսր» անունը կրող իսլամիստական խմբավորումը։ Ըստ վերջինիս գրառման՝ ահաբեկչությունն ուղղված է եղել Եգիպտոսի ԱԳՆ-ի և ուժայինների դեմ։

2013-ի հուլիսին եգիպտական բանակը գահընկեց արեց նախագահ Մոհամմադ Մուրսիին, ինչին նախորդել էր շաբաթներ տևած ժողովրդական բողոքի ալիքը: Վիճակը կայունացավ, երբ ծավալվող իրադարձություններին միջամտեց բանակը: Մուրսին ներկայումս ազատազրկված է, նրան մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցելու, ոստիկանների ու զինծառայողների սպանելու և սպանելու հրաման տալու համար։ Եգիպտոսում այժմ նախագահում է պաշտպանության նախկին նախարար Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *