Հնդկաստանում թնդանոթներից «քամում են» վերջին հնարավորությունները

Հնդկական զինված ուժերում մտադիր են արդիականացնել դեռևս 1950-ականներին ԽՍՀՄ-ում ստեղծված ու հետագայում Հնդկաստանի գնած Մ-46 130 մմ-անոց քարշակվող թնդանոթները, հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Զինված ուժերի նպատակն է դրանց վրա 130 մմ փողերի փոխարեն տեղադրել 155 մմ տրամաչափով ու 45 տրամաչափ երկարություն ունեցող փողեր, որոնք Հնդկաստանի զինված ուժերի ստանդարտ փողերից են:

Հնդկաստանի պետական OFB ընկերության նախկինում արդիականացրած Մ-46 թնդանոթ

Հնդկաստանի պետական OFB ընկերության նախկինում արդիականացրած Մ-46 թնդանոթ

Թնդանոթներն արդիականացնելու նպատակով զինված ուժերը մեկական թնդանոթ են տրամադրել տեղական 4 ընկերությունների, որոնք մեկ տարվա ընթացքում պիտի նոր փողեր տեղադրեն դրանց վրա, փորձարկեն ու արդիականացման իրենց տարբերակներն առաջարկեն զինված ուժերին:

Չորս ընկերություններն են Bharat Forge, Punj Lloyd ու Tata ընկերությունները, ինչպես նաև պետական Ordnance Factory Board (OFB) ընկերությունը: Այն ընկերությունը, որի առաջարկը ավելի արդյունավետ կհամարի Հնդկաստանի ԶՈւ ղեկավարությունը, կստանա մոտ 300 թնդանոթների արդիականացման պայմանագիր:

Խորհրդային Մ-46 քարշակվող թնդանոթների արդիականացումը Հնդկաստանի զինված ուժերի հրետանու արդիականացման ավելի խոշոր ծրագրի մի մաս է: Այս ծրագրով նախատեսված է 2027 թվականին զինված ուժերի սպառազինությունում 155 մմ թնդանոթների թիվը հասցնել մոտ 3000 միավորի, այդ թվում՝ ինքնագնաց, քարշակվող և այլն:

Նույն նպատակով երկրի զինված ուժերը քարշակվող ու ինքնագնաց հրետանու մի շարք մրցույթներ են հայտարարել, որոնք ներկայում ուժի մեջ են:

Ավելացնենք, որ խորհրդային Մ-46 քարշակվող թնդանոթը ստեղծվել է 1951-ին ու փոխարինել է մինչ այդ կիրառվող 122 մմ թնդանոթին: Թնդանոթից արտադրվել է մոտ 8000 միավոր, դրանով զինվալ են մոտ 50 երկրների զինված ուժեր: Ներկայում էլ թնդանոթները կիրառվում են աշխարհի մի շարք երկրների զինված ուժերում, իսկ կոնկրետ Հնդկաստանի սպառազինության մեջ դրանցից կա մոտ 800 միավոր:

Այս թնդանոթները Հնդկաստանը օգտագործում է նաև տեղական արտադրության Catapult Mk.2 ինքնագնաց հրետանային համակարգերի պատրաստման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *