Ֆրանսիան ևս միացել է «Իսլամական պետության» դեմ պայքարին

Ֆրանսիան մասնակցելու է Իրաքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ հատուկ գործողություններին։ Սեպտեմբերի 15-ին արդեն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռները սկսել են թռիչքներ կատարել Իրաքի այն հատվածներում, որտեղ իսլամիստներին հաջողվել է վերահսկողություն սահմանել։

Իսլամիստ զինյալ

Իսլամիստ զինյալ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հայտարարել է. «Ես որոշեցի համաձայնություն տալ Իրաքի ներկայիս իշխանությունների հայցին՝ իրենց օդային աջակցություն ցուցաբերելու առնչությամբ։ Ֆրանսիան սահմանափակվելու է օդային հարվածներով, Սիրիայում Ֆրանսիան «Իսլամական պետության» հենակետերի ուղղությամբ ցամաքային գործողություններ չի ձեռնարկելու»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Կանադայի վարչապետ Սթեֆան Հարփերը հայտարարել էր, որ 69 զինծառայող կգործուղի Իրաքի հյուսիս՝ տեղի ինքնապաշտպանական ուժերին ուսուցանելու և դրանց մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելու նպատակով։ Գերմանիան իր հերթին Իրաքի կառավարական ուժերին և քրդական զորաջոկատներին զինելու համար ուղարկել է շուրջ 92 միլիոն դոլարի սպառազինություն և զինամթերք։ Թեթև գնդացիրներից և դրանց համար նախատեսված զինամթերքից կազմված օգնություն Իրաք է ուղարկել նաև Մեծ Բրիտանիան։ Չեզոքությունը չեն պահպանել նաև Ավստրալիայում, որի ռազմաօդային ուժերի կործանիչներն արդեն առաջիկա օրերին կմիանան Իրաքի տարածքում իսլամիստների դիրքերին հասցվող ավիահարվածներին, որոնք մինչ այժմ իրականացնում էին միայն ամերիկյան բանակի անօդաչուներն ու կործանիչները։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան բանակը օդային հարվածներ կհասցնի նաև «Իսլամական պետություն» խմբավորման այն հենակետերին, որոնք Սիրիայի տարածքում են։

Հավելենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։

Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։ Այս իրադարձություններից մետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *