Սաուդյան Արաբիան էլ սկսեց ստանալ նորագույն «Ապաչ» ուղղաթիռները

Սաուդյան Արաբիան սկսել է ստանալ Միացյալ Նահանգներին պատվիրած նորագույն «Ապաչ» AH-64E հարվածային ուղղաթիռների առաջին միավորները։Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին և համացանցում տարածված լուսանկարներին։

Apache AH-64E. ԱՄՆ բանակ

Apache AH-64E. ԱՄՆ բանակ

Լուսանկարներից դատելով՝ Սաուդյան Արաբիան ստացել է առնվազն 3 միավոր AH-64E ուղղաթիռ։ Ուղղաթիռները Սաուդյան Արաբիա են տեղափոխվել Ան-124 բեռնատար ինքնաթիռով։ Թեև պաշտոնապես հայտնի չէ, թե Սաուդյան Արաբիան քանի «Ապաչ» է պատիրել, սակայն «Ջեյնսը» տեղեկացնում է, որ դրանց թիվը 36 է։

Այսպիսով, Սաուդյան Արաբիան Թայվանից հետո դառնում է նորագույն «Ապաչներ» ստացած երկրորդ արտասահմանյան պետությունը։

Թայվանը Միացյալ Նահանգներից ստացել է «Ապաչ» ուղղաթիռների արդիականացված տարբերակների առաջին 6 միավորը 2013-ի նոյեմբերին։ Այդպիսով, AH-64E հարվածային ուղղաթիռը, որը մինչ այդ միայն ԱՄՆ-ի զինված ուժերում է, արդեն կա նաև թայվանական սպառազինությունում։ Թայվանն ընդհանուր առմամբ պատվիրել է 30 միավոր  AH-64E։

Արդիականացված Ապաչ ուղղաթիռների մատակարարումը մաս էր կազմում 2008 թվականին Թայվանի և ԱՄՆ-ի միջև կնքված 6.5 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական պայմանագրին, որով ամերիկյան կողմը Թայվանին է փոխանցելու ժամանակակից ռազմատեխնիկա։

AH-64E Apache հարվածային ուղղաթիռի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան «Բոինգ» ընկերությունը։ Այն AH-64 ուղղաթիռների նորագույն արդիականացումն է։ Այս ուղղաթիռները ներկայում ընդգրկված են միայն ԱՄՆ-ի և Թայվանի զինված ուժերի կազմում, որոնց էլ միացավ Սաուդյան Արաբիան։ Ամերիկյան բանակին ուղղաթիռների մատակարարումը սկսվել է 2011 թվականին։ Մեկ միավորի մոտավոր գինը 22 մլն ամերիկյան դոլար է։ Առավելագույն արագությունը 365 կմ/ժ է, անձնակազմը 2 մարդ է։ Զինված է 30 մմ M230 թնդանոթով, «օդ-մակերևույթ» հրթիռներով, չկառավարվող ավիացիոն հրթիռներով և այլ սպառազինությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *