Ռուսաստանն ու Ղազախստանն ավելի էժան գներով զենք կգնեն միմյանցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի ու Ղազախստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիրը, որի նպատակը երկու երկրների միջև ռազմական արտադրանքի առևտրի հեշտացումն է: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Այսպիսի պայմանագրեր Ռուսաստանը ստորագրել է նաև Հայաստանի ու Բելառուսի հետ:

«Տիտղոսային» նպատակից բացի, ռուս-ղազախական պայմանագիրը թույլ է տալիս, որ երկու երկրները միմյանց վաճառեն զենքի այնպիսի տեսակներ այն բնութագրերով, ինչպիսի բնութագրերով տրամադրում են իրենց զինված ուժերին, այսինքն զենքի արտահանվող, սովորաբար ավելի թույլ բնութագրերով տարբերակի փոխարեն երկրները միմյանց վաճառելու են իրենց զինված ուժերին տրամադրվող տեսակներ:

Պայմանագիրը միաժամանակ կարգավորում է նաև վաճառվող զենքի գինը, մասնավորապես մի երկրի գնորդը կարող է զենք գնել անմիջապես մյուս երկրի արտադրողից, առանց միջնորդի: Սա ավելի է էժանացնում գնելու ծախսերը, քանի որ միջնորդը ծառայությունները ավելացնում են զենքի գները:

Ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը հեշտացնում է նաև փաստաթղթաշրջանառությունը, դա նույնպես որոշակի կապված է առևտրային միջնորդից հրաժարվելով:

Պայմանագրի դրույթները չեն տարածվում երկու երկրների այն արտադրողների վրա, որոնք ռազմական կամ երկակի նշանակության արտադրություն կազմակերպելու արտոնագիր չեն ստացել պետական մարմիններից:

Ավելացնենք, որ նմանատիպ պայմանագիր ներկայում գործում է նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև, ու հայաստանյան կողմը կարող է Ռուսաստանից զենք գնել գործարանային գներով: Պայմանագիրը ուժի մեջ է մտել 2014-ի հունիսի 25-ից:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը նախատեսում է, որ երկու երկրների ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով: Այսինքն ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի հայաստանյան գնորդը կարող է արտադրանքը գնելու բանակցությունները վարել անմիջապես ռուսաստանյան արտադրող ընկերության հետ ու հետևաբար գնումը կատարել անմիջապես արտադրողից, ավելի էժան գներով ու առանց միջնորդի: Նույնը վերաբերում է նաև ռուսաստանյան գնորդներին:

Գնումներից բացի, պայմանագիրը նախատեսում է նաև Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *