ՀՀ պաշտպանության նախարարին հյուրընկալել են բժշկական համալսարանում

Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ սեպտեմբերի 18-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է բժշկական համալսարանում

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է բժշկական համալսարանում

Բժշկական համալսարան կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի կողմից հաստատվել և գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշել է, որ Բժշկական համալսարանը յուրահատուկ կապ և առնչություն ունի հայկական բանակի հետ և այդ կապը տարեցտարի ընդլայնվում է: ԵՊԲՀ ռեկտորը առանձնահատուկ շեշտել է այն հանգամանքը, որ հենց Բժշկական համալսարանում են պատրաստվում զինված ուժերի համար անհրաժեշտ բժշկական կադրերը։

ՀՀ պաշտպանության նախարան իր ելույթում ևս մեկ անգամ արժևորել է բուժծառայողների դերը և նկատել, որ ակնհայտ է զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի վերջին տարիների առաջընթացը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դասախոսներին և ուսանողներին է ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Օհանյանը ուրախությամբ փաստել է, որ տարեցտարի զինված ուժերի կառավարման, ռազմակրթական համակարգերը դրվում են առավել բարձր, գիտելիքահենք մակարդակի վրա, լուրջ աշխատանքներ են տարվում մեր սահմանային պաշտպանությունը ավելի անվտանգ դարձնելու, արտակարգ դեպքերն ու պատահարները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին, որին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Պաշտպանության նախարարը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել բժշկական ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

ԵՊԲՀ կատարած այցի շրջանակում հաստատվել և գործողության մեջ է դրվել «Համալսարանի ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի կանոնակարգը»: Կենտրոնի նպատակն է ՀՀ-ում ռազմաբժշկական կադրերի պատրաստումը և բժշկագիտության զարգացումը` ռազմապաշտպանական առողջապահության ոլորտում: Կենտրոնի կրթական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊԲՀ համագործակցության ծրագրերի ընդլայնմանը և խորացմանը, զինված ուժերի անձնակազմի առողջապահական խնդիրների ուսումնասիրմանը և լուծմանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *