Եթե մենք կանք, ուրեմն թիկունքը պիտի հանգիստ լինի. ՊԲ զինծառայողներ (ֆոտո/ վիդեո)

Ռազմինֆոն վերջերս այցելել էր Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Ներկայացնում ենք մեր հարցազրույցները զինծառայողների հետ։ Նրանք պատմում են ծառայության ու վերջին շրջանում առաջնագծի լարվածության մասին։

Նարեկ Աճեմյանը՝ աջից առաջինը

Նարեկ Աճեմյանը՝ աջից առաջինը

Նարեկ Աճեմյանը ծառայության է անցել 2014 թվականի հունվարից, այժմ կրտսեր սերժանտ է։

— Ամենադժվարը կարո՞տն էր։

Այո´, ամենադժվարը կարոտն էր, որը ես հաղթահարում եմ։ Ամենաշատը կարոտում եմ ընտանիքիս անդամներին։

— Նոր Կտակարան ստացաք, ի՞նչ փոխվեց։

Սպասում էինք այսպիսի նվերի, երբ տեսա, բերել են։ Լավ միջոցառում էր կազմակերպված։ Հաճելի էր տեսնել սարկավագներին, Տեր Հորը (Զինծառայողը նկատի ուներ զորամաս այցելած լրագրողներին և սարկավագներին գլխավորող Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին- հեղ):

Տեղեկացնենք նաև, որ զինծառայողին կողքից հուշում է իր ծառայակից ընկերը, ում էլ հաջորդիվ խնդրեցինք ինքնուրույն պատմել իր զգացողությունների մասին։

— Իսկ բացի կարոտից ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք հենց բուն ծառայության ընթացքում։

Մինչև ծառայության գալը մտածում ես, որ այստեղ շատ դժվարություններ են լինելու, բայց երբ գալիս ես այստեղ հասկանում ես, որ ոչ հաղթահարելի դժվարություններ են։

— Ընտանիքի անդամների հետ երբ խոսում եք, ի՞նչ եք ասում։

Ծառայության վերաբերյալ ոչ մի բան։ Ամենակարևորը գիտեն, որ ես լավ եմ, մտածում եմ, որ իրենք էլ են լավ ու դրանից ուրախանում եմ։

— Վերջին շրջանում առաջնագծում լարվածության ժամանակ ինչպե՞ս էիք հանգստացնում Ձեր ծնողներին։

Իրենք արդեն տեղեկացված էին ու խոսելու ընթացքում ասում էի, որ ամեն ինչ կարգին է։

Կրտսեր սերժանտի պատմությունն ամբողջովին տեսանյութում.

Մանուկյան Առաքելը ընկերոջ հարցազրույցի ժամանակ ակտիվորեն հուշում էր հավանաբար 21 ամիս ծառայելու փորձից։ Ասում է՝դժվարությունները մի քիչ շատ են, բայց տղայի համար տանելի են։

ՊԲ զինծառայող Առաքել Մանուկյանը

ՊԲ զինծառայող Առաքել Մանուկյանը

«Մարդ տղա գալիս է, տղամարդ գնում իր հայրական օջախ»,- հավաստիացնում է Առաքելը։

— Երբ իմացաք, որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում եք ծառայելու, ի՞նչ-որ բան փոխվեց։

Ավելի շատ հոգեբանորեն տրամադրվեցի, ավելի լուրջ զորամաս է, լուրջ փորձություններ, ավելի լուրջ հարցեր։

— Իսկ ի՞նչ կմաղթեք նորակոչիկներին, ինչի՞ն ուշադրություն դարձնեն։

Կմաղթեմ առաջին հերթին համբերություն։ Ամեն մի ուսումնական փուլ լի է նոր արկածախնդրությամբ։

— Ինքներդ դիրքեր բարձրացել՞ եք։

Բարձրացել եմ կարճ ժամանակով։

Կենտրոնում Առաքել Մանուկյանը, իրենից ձախ՝ Նարեկ Աճեմյանը

Կենտրոնում Առաքել Մանուկյանը, իրենից ձախ՝ Նարեկ Աճեմյանը

— Ի՞նչ եք զգում, երբ մի կողմում մենք ենք, իսկ մյուս կողմում թշնամին։

Շատ մեծ պատասխանատվություն է։ Ավելի ես ոգեշնչվում։

— Սնունդից գո՞հ եք։

Շատ լավն է ամեն ինչ, բայց ինչպես ասում են՝ զինվորի համար ամենակարևորը քաղցրն է։ (Ժպտում է)

— Թիկունքում մենք հանգիստ լինե՞նք։

Թիկունքում պիտի հանգիստ լինեք, քանի որ մենք ենք կանգնած դիրքերում, եթե մենք կանք, ուրեմն թիկունքը միշտ պիտի հանգիստ լինի։

Այցելությունն Արցախ կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *