Բոլիվիայի բանակային ավիացիան 2014-ի սեպտեմբերի 12-ին Կոչաբամբա քաղաքի օդանավակայանում երկրի նախագահ Էվո Մորալեսի ներկայությամբ ստացել է Չինաստանից պատվիրված, Z-9 շարքին պատկանող բազմանպատակային Н425 ուղղաթիռների 6 օրինակ։ Չինաստանյան այս ուղղաթիռների վաճառքը Բոլիվիային՝ առաջին մատակարարումն է Լատինական Ամերիկայի երկրներ։ Այս մասին հայտնում է հարավամերիկյան երկրի պաշտպանության նախարարության կայքը։
Երկու երկրների միջև 6 միավոր Н425 և 2 միավոր МА60 ուղևորատար ինքնաթիռների մատակարարման շուրջ պայմանագիրը կնքվել էր 2011-ի հունիսին, այն գնահատվում է 103 միլիոն ամերիկյան դոլար։
Բոլիվիայի պատվիրած 6 միավոր ուղղաթիռների բաղկացուցիչները կոնտեյներներով Բոլիվիա էին բերվել արդեն 2014-ի հուլիսին, ինչին հաջորդել էր դրանց հավաքումը Չինաստանի մասնագետների աջակցությամբ ստեղծված, ուղղաթիռների շահագործման և սպասարկման արտադրամասում։
Պետք է նշել, որ չինաստանյան ուղղաթիռների համալրումով Բոլիվիայի բանակային ավիացիայի կազմում հնարավոր եղավ ձևավորել առաջին լիարժեք ուղղաթիռային ստորաբաժանումը։ Մինչ այդ, ռազմական ավիացիայի կազմում շահագործվում էին միայն բեռնատար և ուսումնական ինքնաթիռներ։ Դրա կազմում առկա էր նաև 1 միավոր SA 315B Lama ուղղաթիռ, որը շահագործվում էր դեռևս 1980 թվականից, սակայն 2000-ականներին փոխանցվեց ռազմաօդային ուժերին։
Նշենք, որ H425 ուղղաթիռը կարող է տեղափոխել 9 ուղևոր, զարգացնել մինչև 305 կմ/ժ առավելագույն արագություն: Վառելիքի մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել մինչև 1000 կմ հեռավորություն կամ անդադար մնալ օդում մինչև 5 ժամ: