Թուրքիայում հոլանդական Patriot-ները կարող են փոխարինվել իսպանականով

Իսպանիան հայտարարել է, որ պատրաստվում է իր սպառազինությունում առկա Patriot զենիթահրթիռային համալիրները ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում ուղարկել Թուրքիա՝ Սիրիայից և Իրաքից հնարավոր վտանգին դիմակայելու համար։

Փեթրիոթ ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Փեթրիոթ ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը սեպտեմբերի 17-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Իսպանիայի խորհրդարանի պաշտպանական հարցերով հանձնաժողովին նիստին։ Նա նաև նշել է, թե պաշտոնական Մադրիդը կարող է երկու ՀՕՊ մարտկոց տրամադրել Անկարային ու հավելել, որ Թուրքիա է ուղարկելու նաև 130 զիծառայողի, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Այսպիսով, Իսպանիան կարող է փոխարինել Նիդեռլանդներին՝ Թուրքիայում մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի տրամադրման հարցում։ Նիդեռլանդներն օրերս որոշել էր շուրջ 2 տարվա ծառայությունից հետո 2015 թվականի հունվարին Թուրքիայից դուրս բերել Patriot զենիթահրթիռային համալիրների 2 մարտկոցը՝ դրանք վերանորոգելու և սպասարկելու նպատակով։

Նշենք, որ ներկայում Թուրքիայում տեղակայված է Patriot զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց։ Երկուական մարտկոց Թուրքիային են տրամադրել Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որոշմամբ, որին Անկարան դիմել էր 2011-ի վերջին ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար։

Patriot կայանները Թուրքիայում էին տեղակայվել 2013 թվականին հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով։ 2013-ի վերջին, երբ լրանում էր դրանց տեղակայման ժամկետը, Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է։
Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու թույլտվություն էին տվել նաև դրանք տրամադրած պետությունները, այսինքն՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Նիդեռլանդները։

Նշենք, որ Թուրքիան ներկայում չունի մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության սեփական  համակարգը, ինչի համար էլ փորձում է մրցույթի միջոցով հարմար տարբերակ գտնել։

2 responses to “Թուրքիայում հոլանդական Patriot-ները կարող են փոխարինվել իսպանականով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 14-20 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում նիդեռլանդական Patriot-ներին կփոխարինեն իսպանականները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *