ՀՀ ՊՆ-ում բանակցել են «Փոխգործակցություն-2012»-ի համար և ստորագրել արձանագրությունը

Մայիսի 23-ից 24-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում կայանալիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման ու անցկացման նպատակով ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչների երկրորդ շտաբային բանակցությունները:

Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում: Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության վերջնական մտահղացման հիմունքներն ու անցկացման ընդհանուր կարգը, ներգրավվող ուժերի կազմն ու միջոցները, դրանց նյութական, բժշկական ու ֆինանսական ապահովման կարգը, ինչպես նաև զորավարժության ընթացքում ԿԽՄԿ-ի մասնակցության և միջազգային մարդասիրական իրավունքի տարրերի կիրառման հարցերը:

Բանակցությունների մասնակիցներն այցելել են նաև «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան` տեղազննում անցկացնելու նպատակով, ծանոթացել են ուսումնական կետերի, ազգային ստորաբաժանումների տեղակայման վայրերի ու զորավարժության մտահղացումով նախատեսված տարածքների կահավորման վիճակին:

Բանակցությունների ավարտին ստորագրվել է արդյունքների մասին արձանագրություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *