Սիրիայում ԱՄՆ-ի օդային հարվածներից 48 հոգի է մահացել. 12-ը՝ երեխաներ

Օրերս Սիրիայի Հոմս նահանգում ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական անգամ ավիահարվածներ են հասցրել, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 48 հոգի։Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, սպանվածներից 12-ը երեխաներ են։ ԱՄՆ-ի հարվածների թիրախ են եղել բնակելի օբյեկտները, որտեղ, ամերիկյան կողմի վկայությամբ, զինյալների պատսպարաններ էին, և տարածքը վերահսկվում էր հենց նրանց կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ իսլամիստները վերսկսել են հարձակումները Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Դեր-Զոր քաղաքում, տեղակայված ռազմաօդային ուժերի կայանի վրա։ Իսլամիստների և կառավարական ուժերի միջև նոր բախումներ են արձանագրվել ալ-Ջաբալիա, ալ-Արֆի շրջաններում և Սիրիայի զինուժին պատկանող օդանավակայանի մերձակայքում։ Նկատենք նաև, որ օրերս ընթացող մարտերի ժամանակ սիրիական զինված ուժերին հաջողվել է պայթեցնել ալ-Սիյասիա քաղաքի կամուրջը, որն իսլամիստներին զենք-զինամթերքի մատակարարման հիմնական ուղին էր։

Հավելենք, որ Սիրիայում ճգնաժամը սկսվել է դեռևս 2011-ի գարնանը, երբ «Արաբական գարնան» ալիքը հասավ այս երկիր: Կառավարության դեմ ուղղված ցույցերը հետագայում վերաճեցին զինված բախումների, որոնց մեջ ներգրավվեցին ոչ միայն կառավարական զորքերը, այլ մի քանի, իրարից տարբեր ու անկախ զինված ապստամբ խմբավորումներ: Խմբավորումների միմյանցից անկախ լինելը երկրում ստեղծեց մի վիճակ, երբ տարբեր խմբավորումների զինյալներ կարող էին կռիվ մղել ոչ միայն կառավարական զորքերի, այլև միմյանց միջև:

Երեք տարվա ընթացքում մարտերը մղվում են փոփոխական «հաջողություններով»: 2011-2013 թվականների ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով երկրում զինված բախումների հետևանքով մահացել էր ավելի քան 100 հազար մարդ, ևս մոտ երկու միլիոն մարդ փախստական էր դարձել: Հետագայում ՄԱԿ-ը հրաժարվեց հաշվել զոհերի քանակը՝ հիմնավորելով իր քայլը զոհերի ճշգրիտ քանակի բացահայտման անհնարինությամբ:

Ներկայում Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է, դրան օժանդակում են նաև այլ երկրներ, որոնք զենքով ու այլ միջոցներով օգնում են ապստամբներին: Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են երկրի կենտրոնական շրջանները, մարտեր են մղում հարավ-արևմուտքում գտնվող Դամասկոս մայրաքաղաքի շրջակայքում ու հյուսիսում գտնվող Հալեպում:

Սիրիայի ծայր հյուսիսային շրջանները վերահսկում են ապստամբ քրդերը, հարավարևելյան ու հյուսիսային մի քանի հատվածներ հսկում են տարբեր ապստամբ խմբավորումներ: Իսկ Սիրիային սպառնացող հիմնական վտանգը երկրի արևելյան ու հյուսիսարևելյան շրջանները գրաված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինված խմբավորումն է, որը գրավել է նաև Իրաքի արևելյան ու հյուսիսային հատվածները և իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հռչակել է անկախ պետություն՝ «Իսլամական Խալիֆայություն» անվանումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *