ԱՄՆ ռազմաօդային ուժերը 3 միավոր RQ-4 Global Hawk անօդաչուներ են ստանալու

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունն ամերիկյան Northrop Grumman ընկերության հետ պայմանագիր է կնքել 3 հավելյալ RQ-4 Global Hawk ռազմավարական անօդաչուներ ձեռք բերելու համար։

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Ինչպես հաղորդում է ամերիկյան ընկերության մամուլի ծառայությունը, պայմանագրի արժեքն է 354 մլն ԱՄՆ դոլար։ ԱԹՍ-ների փոխանցման ավարտը սպասվում է 2017-ին։ Դրանց տրամադրումից հետո ԱՄՆ ՌՕՈւ կազմում կլինեն 37 միավոր RQ-4 Global Hawk-եր։

Նկատենք, որ ըստ պայմանագրի՝ ԱՄՆ ՌՕՈւ-ն ստանալու է RQ-4 Global Hawk-ի Multi-INT տարբերակը, որը կրում է շրջադիտման ու հետախուզության մի քանի սարքավորումներ։ Դրանք թույլ են տալիս ԱԹՍ-ին միաժամանակ մի քանի տեղեկություն հավաքել, այդ թվում՝ այս կամ այն վայրում ռադիոտեղորոշման կայանների վերաբերյալ։ Մեծ բարձրության վրա այս տարբերակը թռիչքներ է կատարում մինչև 32 ժամ ժամանակահատվածում։

Պայմանագիրը ենթադրում է նաև, որ Northrop Grumman-ը տրամադրելու է ռադիոէլեկտրոնային հետախուզության մեջ կիրառվող ASIP համակարգեր, որոնք տեղադրվելու են ԱԹՍ-ների վրա։ Նման համակարգեր են ներկայումս կրում U-2S Dragon Lady հետախուզական ինքնաթիռները։ Այս համակարգերն ԱՄՆ ռազմաօդային ուժերը ստանալու են 2016-ի ավարտին։

Հավելենք, որ Global Hawk RQ-4 ռազմավարական հետախուզական ԱԹՍ-ն ունակ է բացել մինչև 800 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 19.8 կմ բարձրության վրա, մինչև 24.9 հազար կմ հեռավորության պայմաններում (hամեմատելու համար՝ այն մի թռիչքով կարող է կատարել շուրջերկրյա ճանապարհորդության կեսից ավելին)։ Այն կարող է օդում մնալ մինչև 36 ժամ։ RQ-4-ի կողային սարքավորումներն ընդգրկում են ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոէլեկտրոնային հետախուզման համակարգեր։
Global Hawk անօդաչու թռչող սարքեր ներկայումս կան միայն ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ։ Դրանցից օգտվում է նաև ՆԱՍԱ-ն։ ԱԹՍ-ների մոտավոր գինը մոտ 222 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *