Սիրիայում իսլամիստները խոցել են կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռ

Սիրիայում իսլամիստական խմբավորումների անդամները սեպտեմբերի 16-ին խոցել են Ասադի կողմնակիցներին պատկանող ռազմական ինքնաթիռ, որն օդային հարվածներ էր հասցնում Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» դիրքերին։

Ինչպես հաղորդում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, սա առաջին խփված ինքնաթիռն է 2014-ի հուլիսին կառավարական ուժերի՝ իսլամիստների դիրքերի ռմբակոծություն սկսելուց ի վեր։ Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը նշել է, որ ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, կան զոհեր և վիրավորներ, սակայն հստակ թվեր չի հիշատակել։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին ի պատասխան կառավարական ուժերի ռմբակոծումների՝ իսլամիստները Դամակոսի ուղղությամբ արձակել են առնվազն 11 հրթիռ։ Դրա հետևանքով սպանվել է մեկ երեխա, վիրավորվել են մի քանի հոգի։ Նկատենք, որ սույն հրթիռակոծումների թիրախ են դարձել հիմնականում քրիստոնյաներով և ալավիներով բնակեցված թաղամասերը, ինչպես նաև որոշ շրջաններ, որտեղ ապրում են համեմատաբար սոցիալապես ապահով մարդիկ։

Հավելենք, որ Դամասկոսի մերձակայքում վերջին շրջանում առավել հաճախ են բախումները իսլամիստների և կառավարական ուժերի միջև։ Մասնավորապես, սեպտեմբերի 15-ի վաղ առավոտյան զինյալները կոյուղային համակարգի միջոցով փորձել էին աննկատ թափանցել Դամասկոսի կենտրոն, սակայն զինծառայողները հայտնաբերել ու չեզոքացրել էին նրանց։ Արդյունքում սպանվել էր 11 զինյալ, վիրավորների թիվը չի հաղորդվում։

Սիրիայում ճգնաժամը սկսվել է դեռևս 2011-ի գարնանը, երբ «Արաբական գարնան» ալիքը հասավ այս երկիր: Կառավարության դեմ ուղղված ցույցերը հետագայում վերաճեցին զինված բախումների, որոնց մեջ ներգրավվեցին ոչ միայն կառավարական զորքերը, այլ մի քանի, իրարից տարբեր ու անկախ զինված ապստամբ խմբավորումներ: Խմբավորումների միմյանցից անկախ լինելը երկրում ստեղծեց մի վիճակ, երբ տարբեր խմբավորումների զինյալներ կարող էին կռիվ մղել ոչ միայն կառավարական զորքերի, այլև միմյանց միջև:

Երեք տարվա ընթացքում մարտերը մղվում են փոփոխական «հաջողություններով»: 2011-2013 թվականների ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով երկրում զինված բախումների հետևանքով մահացել էր ավելի քան 100 հազար մարդ, ևս մոտ երկու միլիոն մարդ փախստական էր դարձել: Հետագայում ՄԱԿ-ը հրաժարվեց հաշվել զոհերի քանակը՝ հիմնավորելով իր քայլը զոհերի ճշգրիտ քանակի բացահայտման անհնարինությամբ:

Ներկայում Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է, դրան օժանդակում են նաև այլ երկրներ, որոնք զենքով ու այլ միջոցներով օգնում են ապստամբներին: Սիրիայի կառավարական ուժերը վերահսկում են երկրի կենտրոնական շրջանները, մարտեր են մղում հարավ-արևմուտքում գտնվող Դամասկոս մայրաքաղաքի շրջակայքում ու հյուսիսում գտնվող Հալեպում:

Սիրիայի ծայր հյուսիսային շրջանները վերահսկում են ապստամբ քրդերը, հարավարևելյան ու հյուսիսային մի քանի հատվածներ հսկում են տարբեր ապստամբ խմբավորումներ: Իսկ Սիրիային սպառնացող հիմնական վտանգը երկրի արևելյան ու հյուսիսարևելյան շրջանները գրաված «Իսլամական պետություն» զինված խմբավորումն է, որը գրավել է նաև Իրաքի արևելյան ու հյուսիսային հատվածները և իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հռչակել է անկախ պետություն՝ «Իսլամական Խալիֆայություն» անվանումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *